Մեր երկիրն իրոք որ զարմանալի երկիր է: Զարմանալի՝ իր ռազմաքաղաքական դասով, իր ընդդիմությամբ ու իշխանությամբ:
Սա մի երկիր է, որտեղ իշխանության մնալու համար հասարակություն են պառակտում ու հայ մարդկանց իրար հետ թշնամացնում, որտեղ աթոռ չկորցնելու համար ընտրություններ են կեղծում, որտեղ երկրի համար այս փոթորկուն ժամանակներում ոչ թե տնտեսությունն են արդյունաբերականացնում ու բանակը հզորացնում, այլ պետության ողջ մեքենան Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու համար են մոբիլիզացնում, որտեղ եվրոպական որոշ շրջանակների բարեհաճության համար հազարամյակներով ձեւավորված հայ ընտանիքի ինստիտուտ են քանդում, ու այսպես շարունակ:
Բայց այս երկրի արտառոց լինելը միայն այսպիսի իշխանություն ունենալով չի դրսեւորվում: Սա նաեւ մի երկիր է, որտեղ ընդդիմությունը հունիսի 7-ի գիշերվա 2-ի հայտարարությունը լսելուց-տեսնելուց հետո անգամ չի հասկանում, որ իր խնդիրը ո՛չ «Ուժեղ Հայաստանի», ո՛չ «Հայաստան» դաշինքի եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հավաքած ձայների շատ կամ քիչ լինելը չէ, իր խնդիրն անգամ իշխանության եւ ընդդիմության միջեւ բաշխված ձայների քանակը չէ, իր խնդիրն այն է, որ ոչ մի կերպ չի հասկանում, որ Նիկոլն իշխանությունը ընտրություններով երբեք չի տալու:
Ավելին, այս երկիրը նաեւ այն երկիրն է, որի ընդդիմությանը հիմա էլ դեռ թվում է, թե Տիգրանաշենի չտալու համար ոչ թե երկիրը պետք է ուժեղ լինի, այլ ծառատունկով այն կարելի է կանխել, եւ ինքը, ի տարբերություն իշխանությունների, կարող է Տիգրանաշենում ծառատունկ կազմակերպելով Տիգրանաշենը չզիջել: Այնինչ, եթե մեր ընդդիմությունը ճիշտ ընդդիմություն լիներ, ապա կհասկանար, որ ո՛չ Տիգրանաշենը չտալու, ո՛չ Ալիեւի պարտադրած սահմանադրությունը չընդունելու պայմանը ոչ թե Նիկոլի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալը, այլ նրան իշխանությունից հեռացնելն է:
Քանի որ վաղուց արդեն համոզվել եմ, որ Նիկոլն ամենեւին էլ այն մարդը չէ, որին կարող է պետության ու ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատվությունը փոխել, բայց նաեւ դեռեւս չեմ կորցրել հույսս, որ, ի տարբերություն Նիկոլի, ընդդիմությունն այդ պատասխանատվության ընկալումը դեռեւս ամբողջությամբ չի կորցրել, դրա համար էլ խոսքս ոչ թե Նիկոլին, այլ ընդդիմությանն եմ ուղղում:
Պարոնայք ընդդիմադիրներ, հիմա արդեն ձեր ընտրությունը ոչ թե լավ կամ վատ ընդդիմություն լինելու, այլ ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է: Իսկ այն, թե ինչ կընտրեք դուք, արդեն այս ժողովրդի եւ նրա պատմության առջեւ ձեր պատասխանատվությունը կլինի:



Բաց մի թողեք
Ձեզ ստիպե՞լ են դա անել
Տեղյա՞կ եք՝ ինչից եք խոսում
Մեգամակարդակի մանիպուլյացիաներ