03/11/2026

EU – Armenia

3 տարեկան երեխա է կյանքից զրկվել, մայրը բժշկին է մեղադրում

Մամուլում այսօր գրվեց, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում են Վահրամաբերդ գյուղի բնակչուհու՝ 2023 թվականին ծնված աղջնակի՝ Գ․Գ․-ի մահվան հանգամանքները։

Մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ հոկտեմբերի սկզբներին երեխայի մոտ նկատվել է կոկորդի կարմրություն ու ջերմության բարձրացում, բուժօգնության համար դիմել են Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա, երեխային բուժել են, նա ապաքինվել է, սակայն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, առողջության վատթարացման հետևանքով նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոց։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20․00-ին, երեխայի առողջական վիճակը վատացել է, իսկ ժամը 21․00-ի սահմաններում մայրը բժիշկներից տեղեկացել է երեխայի մահվան մասին։ Մայրը հաղորդում ներկայացնելիս՝ բժիշկների անուններ է մատնանշել, սակայն ելնելով անմեղության կանխավարկածից՝ դեռ չենք հրապարակում։

Քննչական կոմիտեից հայտնեցին որ գործի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։