Պաշտպանության նախարարությունում ԱՄՆ-ի ներկայացուցչի նշանակման մասին լուրն ընդդիմադիր շրջանակներում բուռն քննարկումների տեղիք է տվել։
Նախ լրատվամիջոցներից մեկին այդ առթիվ հարցազրույց է տվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը եւ ասել, որ «նման նախադեպ չի հիշում», ապա տեսակետ է հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա ասել է. «Էական է հասկանալ, որ օտարերկրացին աշխատելու է Հայաստանի պետական գերատեսչությունում, ընդ որում՝ պաշտպանության նախարարությունում… Մենք կարող ենք միանշանակորեն փաստել, որ քաղաքական իմաստով դա դաշնակից պետությունների մոտ խնդիրներ եւ Հայաստանի հանդեպ անվստահություն է հարուցելու՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ»։
«Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եվ ճիշտ կլիներ, որ կառավարությունը մեկնաբաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեայի հայտարարությունը եւ հիմնավորեր ՊՆ-ում ամերիկացի զինվորական խորհրդատուի նշանակումը»։
«Բայց եթե խոսքը նախադեպի մասին է, ապա հարց է առաջանում՝ նախ ԼՂՀ ՊԲ-ում, ապա Հայաստանի ՊՆ-ում պաշտոնավարած գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը մի՞թե հայ էր կամ Հայաստանի քաղաքացիություն էր ընդունել։ Իսկ փաստը, որ տարիներ շարունակ ԶՈՒ ԳՇ պետ, ապա պաշտպանության նախարար պաշտոնավարած Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ավելի քան խոսուն է»։
«Ոչ ոք, իհարկե, չի վիճարկում ՊՆ-ում ամերիկացի զինվորականի ծառայության նկատմամբ կասկածներ եւ Ռուսաստանի բացասական վերաբերմունքով պայմանավորված մտահոգություններ արտահայտելու իրավունքը։ Դա, գուցե, նույնիսկ անհրաժեշտություն է, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, պաշտպանունակությանը, նման որոշում ընդունելու աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը»։
«Բայց ճիշտ նույն տրամաբանությամբ անհրաժեշտություն է նաեւ քննարկել, թե այսուհետեւ Հայաստանին ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը, ո՞րն է այդ երկրի կովկասյան քաղաքականությունը, հեռանկարում ի՞նչ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել ՀԱՊԿ-ը, որ Հայաստանի ներկայությունն այդ կառույցում կարող է լիովին իմաստազրկել»։
«Քաղաքական ընդդիմախոսությունը կորցնում է ակտուալությունը, երբ գործում է «այն, ինչ իշխանությունն է անում, ապրիորի մերժելի է» մոտեցումը։ Այդպես կարող է խոսել ամբոխավարական շարժման լիդերը, խոսափող ստացած նորելուկը։ Պրոֆեսիոնալները, թվում է, պետք է խնդիրը դիտարկեն քաղաքական անկողմնակալության ելակետից եւ խոսեն զուտ մասնագիտական հիմնավորումներով»։
«Այսինքն, նրանք գտնում են, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավո՞րն է, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն չկա՞, հայկական բանակը պետք է մնա խորհրդային «ճիշտ այդպես» ստրուկտուրայո՞վ, ունենա միայն ռուսական սպառազինությու՞ն, թե բարեփոխումների, համալրումների, համադրման անհրաժեշտությու՞ն կա»։
Ըստ էության, բանավեճի իմաստը այն է, որ «Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, դա Մոսկվային կզայրացնի» եւ այլն։ Դեռ հարց է՝ Ռուսաստա՞նն է հեռանում, թե՞ Հայաստանը։ Բայց փաստ է, որ Ռուսաստանը Հայաստանի ԶՈՒ բարեփոխմանը, արդիականացմանը, սպառազինմանը թշնամաբար է վերաբերվում։
«Այստեղ արդեն ՊՆ-ում ամերիկացի մի խորհրդականի ներկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի նշանակում։ Եւ ողբերգություն է, եթե դեռ գեթ մեկ հայ հավատում է, որ Անգոլա անցած գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը ՊԲ փոխհրամանատարի եւ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում ծառայել է հայ ժողովրդին, Արցախի եւ ՀՀ պետականությանը եւ չի ընդունում, որ իրերի ներկայիս դրության խորքային պատճառներից մեկը, գուցե թե ամենագլխավորը, հենց այդ մոլորությունը կամ ինքնախաբեությունն է»։
Բաց մի թողեք
Ադրբեջանաիսրայելական հետևություններ կլինեն արդյոք Ռուսաստանի հետ հարաբերություններում
Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է իր «որոշումը»
ԱՄՆ արձագանքը կմեղմի արդյոք Ադրբեջանին