23/12/2024

Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. Լուսանկար

Որոշ ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեմային ու դրա շուրջ ստեղծված թնջուկին:

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս անցած տարվա նոյեմբերին տեղեկացրել էինք, որ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Եվ ահա, թերթին այս թեմայով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Պարզվում է, որ, ի վերջո, երկու կազմակերպություններից առավելությունը տրվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի «Ռիդ» ընկերությանը, գյուղացիների հողերը կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել, իսկ ներդրողը հողերն ուզում է ստանալ, ըստ տեղի բնակիչների, «կոպեկներով»՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 345 դրամով։

Վարդենուտ գյուղի բնակիչները, որոնց հողերը գերակա շահ են ճանաչվել, մոտ 2000 դրամ են պահանջում: Ի դեպ, այս հարցը օրերս տեղացիները բարձրացրել են նաև Նիկոլ Փաշինյանի առջև, հիմա սպասում են նրա արձագանքին:

Մեր տեղեկություններով, նրանք, սակայն, երկար չեն սպասելու. եթե իրենց խնդիրը կարճ ժամանակում լուծում չստացավ, վարդենուտցիները (և ոչ միայն նրանք) պատրաստվում են երկարատև լայնածավալ բողոքի ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ ճանապարհներ փակել:

Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ` հնարավոր է գործընթացը նորից կասեցվի: Բանն այն է, որ թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ պետական իշխանության այլ մարմիններ ևս առանձնապես հակված չեն նման գներով հողերի օտարմանը:

Ավելին, չափազանց սրվել են Ռուբեն Գրիգորյանի և իշխանությունների հարաբերությունները։ Գրիգորյանը ժամանակին սերտ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ հիմնադրել և երկար ժամանակ ֆինանսավորել է ներկայում իշխանական խոսափող համարվող ամենահայտնի տելեգրամյան ալիքներից մեկը:

Այժմ, սակայն, Գրիգորյանը զրկվել է իշխանության բարեհաճությունից, և կարող են ուշագրավ զարգացումներ լինել:

Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ»