12/12/2024

Կարող ենք դիտարկել աղբահանությունը մասնավորին տալու հարցը. Ավինյան

«Աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնցից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, որի կյանքին վտանգ չի սպառնում»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Նա նաև նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մի քանի մեքենա այս պահին չի շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը․ «Արդյունքում 3 սարքին վիճակում գտնվող մեքենաներն այս պահին պարապուրդի են մատնված»:

Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով ասաց, որ ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չլինեն, այլ իդեալական կատարված աղբահանություն:

Քաղաքապետը հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել.

«Այդտեղ որոշակի դեբատ կա: Ծախսերն անընդհատ աճելու միտում ունեն, և կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը»,- ասաց Տիգրան Ավինյանը: