12/12/2024

Արցախի ղեկավարության հետ հարցազրույցն անթույլատրելի է, այն տարվում է ճնշման տակ․ «Մենք կանք»

«Մենք կանք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

Գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի պետական հեռուստաալիքի անոնսավորած հարցազրույցը մարդու իրավունքների կոպտագույն խախտման հերթական դրսևորում էր և ուժի ցուցադրություն։

ԱՀ բարձրագույն իշխանության ութ ներկայացուցիչ այսօր փաստացի պատանդառված է Ադրբեջանում։ Գերիների հետ հարցազրույցն անթույլատրելի է, քանզի ակնհայտ է, որ այն տարվում է ճնշման տակ և չի կարող արտահայտել հարցվողների իրական մտքերն ու զգացմունքները։ Ավելին, նման հարցազրույցները հակասում են միջազգային մի շարք կոնվենցիաների ու համաձայնագրերի պահանջներին։

«Մենք կանք» նախաձեռնությունը, խստորեն դատապարտելով գերության փաստը ու Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ քայլերը, դիմում է միջազգային համապատասխան կառույցներին, պահանջելով իրականացնել անհետաձգելի գործողություններ Ադրբեջանի հանցագործությունների կանխման ուղղությամբ։

Միջազգային հումանիտար իրավունքի Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտումը պետք է արժանանա համարժեք գնահատականի։

Կոչ ենք անում ՄԱԿ, ԿԽՄԿ, ԵԱՀԿ,ԵՄ, ԵԽ` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կալանավորված անձանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ։