03/07/2025

Վրաստանում տեղի ունեցող ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դա կազդի Եվրոպայի հետ Երևանի հարաբերությունների վրա

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխություններ է ապրում: Վերջին մեկ տարվա մեջ դեպի Եվրոպա քաղաքականությունը շատ է զարգացել: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի ֆիզիկական և իրականում նաև ոչ-ֆիզիկական կապը Եվրոպայի հետ Վրաստանի միջոցով է: Մի քանի շաբաթից այնտեղ տեղի ունեցող ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դա կազդի Եվրոպայի հետ մեր հարաբերությունների վրա», – Նյու Յորքում տեղի ունեցած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով միջոցառման արդյունքներն ամփոփելիս Aravot.am-ի հետ զրույցում շեշտում է կազմակերպող ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ռազմավարության և անվտանգության հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը:

Նրա խոսքով՝ «Եթե ուզում ենք խորացնել մեր առևտուրը Եվրոպայի հետ, դա Վրաստանի միջոցով է լինելու, քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է», իսկ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների վատթարացման դեպքում եվրոպական հետաքրքրությունը Հարվային Կովկասի հանդեպ կարող է նվազել, և Հայաստանն ավելի դժվարությամբ կներգրավվի ԵՄ-ի հետ: «Շեշտվեց, որ թե՛ ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի աջակցությունը կարևոր է ՀՀ-ի համար», – պատմում է Անահիտ Փիլիպպոսյանը:

Նշելով, որ ոչ միայն տարածաշրջանում է անորոշ, այլև ողջ աշխարհում, նա անդրադարձավ Հայաստանի պաշտպանունակության թեմայի շուրջ ծավալված քննարկումների հիմնական ասելիքին: «Հստակ է, որ աշխարհն անորոշ վիճակում է: Սա ստիպում է Հայաստանին՝ որպես փոքր երկիր, հզորացնել իր պաշտպանության ինքնուրույն կարողությունները՝ առանց ապավինելու մեկ այլ ավելի հզոր ուժի», – ասաց նա:

Հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի հրավիրած ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության թեմայով միջոցառումը:

Քննարկմանը մասնակցում էին մի շարք օտարերկրացի փորձագետներ՝ Ատլանտիկ խորհրդի եվրասիական կենտրոնի ավագ համակարգող, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, կրոնական ազատությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ղեկավար-անդամ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը, Observor Research Foundation America-ի գործադիր համակարգող Դհրուվա Ջայշանկարը, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Գարո Փայլանը, Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի Եվրասիայի հետազոտման ղեկավար, գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը: