12/12/2024

Ռուսները փախչում են Սիրիայից. Ինքնաթիռների «քարավանը» բեռնում է զինտեխնիկան. Ուկրաինական հետախուզություն

Ռուսները գործի են դրել նավեր և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնց վրա նրանք բեռնում են զորքերի մնացորդները, սպառազինությունն ու տեխնիկան և Սիրիայից վերադառնում են Ռուսաստան, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։

Սիրիայի Հանրապետությունից նահանջելու համար ռուսները գործի են դրել ռազմատրանսպորտային ինքնաթիռների քարավան, որի վրա բեռնում են զորքերի մնացորդները, սպառազինությունն ու զինտեխնիկան։ Խմեյմիմ ավիաբազայից նախատեսվում են Ան-124 և Իլ-76ՄԴ մի քանի ինքնաթիռների թռիչքներ «Ուլյանովսկ», «Չկալովսկի» և «Պրիվոլժսկի« օդանավակայանների երթուղով։

Ռուսաստանը ներգրավում է նաև նավատորմի լրացուցիչ օբյեկտներ:

Սիրիայի նախագահի պաշտոնը թողնելու որոշումը կայացրել է անձամբ Բաշար ալ-Ասադը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. նրա խոսքերը փոխանցում է РБК-ն։

Պեսկովին հարց են ուղղել, թե Ռուսաստանն ինչ դեր է ունեցել Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի հեռանալու և Մոսկվա մեկնելու հարցում։ «Պետության ղեկավարի պարտականությունների կատարման գործընթացից հեռանալը եղել է Ասադի անձնական որոշումը։ Մնացած ամեն ինչը՝ առանց մեկնաբանությունների»,- պատասխանել է Պեսկովը:

Հիշեցնենք. դեկտեմբերի 8-ի գիշերը Սիրիայում հակակառավարական ուժերը հայտարարեցին Դամասկոսի նկատմամբ վերահսկողության և Ասադի ռեժիմի տապալման մասին։ Սիրիայի նախագահն ինքը լքել էր երկիրը և ապաստան ստացել Ռուսաստանում։