Ռուսաստանի Դաշնության Պետդումայի վերին պալատի՝ Դաշնությունների խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայում այդ երկրի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Պուտինին բնորոշել է իր մեծ բարեկամ և ասել, որ նրան սպասում է Թուրքիայում: Փաստորեն, Թուրքիայի նախագահը դեռ սպասում է Պուտինին:
Բայց Պուտինը, կարծես թե, չի շտապում այցելել Թուրքիա: Այդ այցը ազդարարվել էր դեռևս 2023 թվականի ապրիլ-մայիսին, սակայն չի կայացել առ այսօր և թուրքական կողմի սպասումներին ռուսական արձագանքը եղել է այն, որ չի ստացվում համապատասխանեցնել ժամանակացույցը:
Այդ ընթացքում Պուտինը ժամանակ գտել է այցելել տարբեր այլ երկրներ, այդ թվում Կենտրոնական Ասիայի պետություններ, որոնք անդամակցում են Թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը, Պուտինը եղել է Ադրբեջանում, իսկ ահա Էրդողանը դեռ սպասում է:
Իհարկե, նախորդ տարի հոկտեմբերին ԲՐԻԿՍ գագաթնաժողովի առիթով Էրղողանն ինքը այցելեց Ռուսաստան՝ Կազան, սակայն այդ այցը մնաց կիսատ և Թուրքիայի նախագահը ստիպված էր վերադառնալ՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով: Հատկանշական է, որ Մատվիենկոյի այցի օրը եղել է Քրդական բանվորական կուսակցության բանտարկված առաջնորդ Օջալանի ուղերձը, որով նա կոչ է արել ՔԲԿ-ին դադարեցնել զինված պայքարն ու վայր դնել զենքը:
Ինչո՞ւ է թուրքական բանտում պահվող Օջալանաը որոշել հիմա հղել այդպիսի ուղերձ, եւ արդյո՞ք նա ինքն է որոշել, թե՞ նրա անունից որոշել է Թուրքիայի իշխանությունը: ՔԲԿ-ն կլսի՞ Օջալանի կոչը, և գլխավորը՝ կհավատա՞ դրան, կհավատա՞, որ դա Օջալանի կոչն է, այլ ոչ թե Էրդդողանի, որ հնչում է Օջալանի անունից:
Այն, որ դա հնչում է Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության այցին զուգահեռ, գուցե ժամանակագրական զուգադիպություն է, բայց թերևս շատ խորհրդանշական: Քրդական բանվորական կուսակցության դիմադրությունը անշուշտ իր ճյուղավորումով հասնում է Սիրիա, և թերևս բուն իմաստով Սիրիայում կորոշվի՝ ՔԲԿ-ն «հավատու՞մ» և «լսու՞մ» է Օջալանին, թե՞ այդուհանդերձ որոշում շարունակել դիմադրությունը:
Այդ իմաստով, օրերս Քուրդիստանի ձայն տելեգրամյան ալիքով տարածվեց տեղեկություն, որ ալավիները Սիրիայի Արևմուտքում հռչակում են ինքնավարություն՝ Լաթակիայի և Տարտուսի շրջաններում, որտեղ ալավիական բնակչության կենտրոնացումն է: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ այդտեղ են Ռուսաստանի երկու ռազմակայանները:
Ըստ էության, խոսք կարող է լինել Սիրիայում թուրքական ազդեցության ճանապարհի «ականապատման» մասին: Հավանաբար, դա նկատի ուներ Լավրովը, որ Թուրքիայում Ֆիդանի հետ հանդիպմանը խոսում էր Սիրիայում իրավիճակի կայունացման հարցում համակարգված աշխատելու անհրաժեշտության մասին: Էրդողանը փորձելով Օջալանի միջոցով «սանձել» ՔԲԿ-ն, ակնկալում է թերևս նվազեցնել Ռուսաստանի հիբրիդային ազդեցության ներուժը:
Ի դեպ, Մատվիենկոն, հավանաբար, Թուրքիա կատարած այցից հետո կժամանի Հայաստան: Հատկանշական է, որ նախօրեն նա հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ԱԺ նախագահի հետ, իսկ նրա Հայաստան այցի մասին ազդարարվել էր հունվարին՝ Մոսկվայում կայացած Լավրով-Միրզոյան համատեղ ասուլիսի ընթացքում:
Բաց մի թողեք
3-րդ տարին է ՌԴ-ին չի հաջողվում «3 օրում գրավել Կիևը»․ ինչպես է փոխվել պատերազմի քարոզչության դեմքը․ Տեսանյութեր
Պուտինը ծանր հրետանուն գործուղում է Երևան և Բաքու, ինչ սպասել
«Ռուսաստանը երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը». Լուկաշենկո