10/03/2025

ՀՀ նոր անձնագրերը խարդախության և անվտանգային ռիսկեր են պարունակում

Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրերը հնացել են եւ այլեւս չեն համապատասխանում եվրոպական բարձր ստանդարտներին։ Շուտով դրանցով անհնար է լինելու թռչել եվրոպական երկրներ: «Քաղաքացիների արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորությունն» ապահովելու համար մեր կառավարությունը նախաձեռնել է նոր նմուշի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրություն ու թողարկում։

Հրապարակ թերթը գրել է․ Դրանց ներդրումը«նշանակալի քայլ» է համարվում վիզաների ազատականացման համատեքստում։ Արդեն հաջորդ տարվանից ՀՀ քաղաքացիները կստանան այդ նոր նմուշի նույնականացման փաստաթղթերը, եւ քանի որ «Մանետնի դվոռ» կամ նմանատիպ գերժամանակակից տպարան չունենք, մեզ համար անձնագրեր են տպելու արտասահմանյան կազմակերպությունները։ Այս դեպքում մրցույթը միջազգային է, որը կարգավորվում է ոչ թե «Գնումների մասին» օրենքով, այլ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով։

Արդեն հայտարարվել է, որ ունենք 2 հայտատու, որոնք մասնակցում են միջազգային մրցույթին՝ գերմանական եւ պորտուգալական ընկերությունների միաձուլումից ստեղծված AUGENTIC GmbH and Imprensa Nacional-Casa da Moeda, S.A. կոնսորցիումը եւ ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Երկուսն էլ մասնագիտացված են կենսաչափական անձնագրերի, ինքնության քարտերի, վիզաների, պետական այլ փաստաթղթերի արտադրության մեջ։ Բայց երկրորդը համեմատաբար ավելի հայտնի է՝ նույնականացման քարտեր է թողարկել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Չիլիի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Իսրայելի, Աֆրիկայի եւ Ասիայի երկրների համար: Այժմ հայտերն ուսումնասիրվում են գնահատող հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է, եւ որը մոտ 1 ամսից՝  2025 թվականի մարտի 31-ին, կհայտարարի հաղթողի անունը։

Չի բացառվում, որ ընթացքում ավելի փորձառու ֆրանսիական կոնսորցիումն այլեւս չմասնակցի մրցույթին՝ կա՛մ հանի իր հայտը, կա՛մ էլ մերժվի գնահատման հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ, ըստ ճշտված տեղեկությունների, ներկայում այն հանված է վաճառքի, եւ չի բացառվում, որ գնորդը հանդիսանա ֆրանսիական պետությունը։ Եթե վաճառքը կայանա, ապա «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով կոնսորցիումն այլեւս չի կարող գործակցել Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ օրենքի համաձայն, պետությունը կարող է մասնավոր գործընկեր ներգրավել իր ծառայությունների մատուցման, տվյալ դեպքում՝ անձնագրերի տրամադրման համար, բայց միջազգային մրցույթի տեխնիկական դրույթներում կա կետ, որի համաձայն՝ այլ պետության պետական ընկերությունը չի կարող մասնակից լինել դրան։ Սա նշանակում է, որ եթե IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի մաս կազմող ընկերությունը գնվի պետության կողմից, ապա այն դուրս կմնա մրցույթից, եւ այս դեպքում միակ հավակնորդը կդառնա գերմանա-պորտուգալական կոնսորցիումը։ Թե ինչ երկրների համար է այն անձնագրեր ու նույնականացման քարտեր տպել, տեղեկություն չգտանք։ Միակ հայտնի երկիրը, որի պատվերով աշխատել է կոնսորցիումը, Կամերունն է։

Ինչպե՞ս է պետությունը վերահսկելու անձնագրերի արտադրությունը։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձնական տվյալները հայտնվում են մեկ մասնավոր ընկերության ձեռքում, եւ սա անվտանգային մեծ ռիսկ է։ Ծրագրի վերաբերյալ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ պաշտոնապես նշվում են ծրագրի ռիսկերը՝ հայտերի անբավարար թիվը, մրցույթներում խարդախության ռիսկը, սեփականության իրավունքի փոխանցումը, որը կարող է վտանգավոր լինել ազգային անվտանգության տեսանկյունից եւ այլն։  Ուսումնասիրելով էկոնոմիկայի նախարարության, ՆԳՆ պաշտոնական կայքերում տեղադրված փաստաթղթերը, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաեւ զրուցելով ընկերություններից մեկի ներկայացուցչի հետ, որը գործընկերների նկատմամբ կոռեկտություն պահպանելով, չցանկացավ հրապարակել իր անունը, պարզեցինք, որ մասնավոր ընկերությունն ընդամենը վերցնում է տվյալները, որոնք հետո մտնում են կառավարության սեփականություն հանդիսացող սերվեր, որը հասանելի չէ մասնավոր ընկերության համար։ «Պատկերավոր ասած՝ մասնավոր ընկերությունը կատարելու է «Օվիրում» նստած աղջկա դերը՝ վերցնելու է քաղաքացու դիմումը եւ փոխանցելու է, եւ այս գործընթացը թվայնացվում է։ Ինչ վերաբերում է անձնագրերի թողարկմանը, ապա այս առումով ոչինչ չի փոխվելու։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության անձնագրերը Հայաստանից դուրս են տպվում, քանի որ մենք չունենք միջազգային ստանդարտներին համապատասխանող տպարան՝ անձնագրերի արտադրության համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ հաղթող ընկերությունը մինչեւ մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով, եւ, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա մատուցել ծառայությունը: