24/04/2025

Աջ պոպուլիզմը եւ ժողովրդավարական մշակույթը

Սթիվեն Քինգի «Մեռյալ գոտին» վեպում (1979թ.) կա մի հերոս՝ Գրեգորի Սթիլսոն, որը հավակնում է կոնգրեսմեն դառնալ եւ գործում է, այսպես ասած, «ուժային մեթոդներով»:

Նրա նախընտրական կարգախոսները հատուկ են «աջակողմյան» պոպուլիստներին՝ դո’ւրս շպրտենք բոլոր փչաններին, դո’ւրս շպրտենք բոլոր նրանց, ովքեր անկողնում զվարճանում են աղջիկների հետ, բայց ամուսնացած են, տա’նք ամերիկացիներին բավականաչափ գազ ու նավթ եւ այլն: Իր ելույթների վերջում նա նախօրոք բերված սայլից հանում է տաք նրբերշիկները ու շպրտում է ամբոխին՝ արժանանալով հանդիսատեսի բուռն հրճվանքին:

Չնայած վեպում նկարագրված է 1970-ականների ամերիկյան իրականությունը, հայտնի է, որ պատմությունն ունի եթե ոչ կրկնվելու, ապա «հանգավորվելու» հատկություն: Այսօր էլ Միացյալ Նահանգները, եւ, այդ երկրի օրինակով, որոշ չափով նաեւ՝ արեւմտյան աշխարհը, գնում է «ձախ օրակարգը» մերժելու ուղղությամբ՝ երբեմն մատնանշելով այդ օրակարգի իսկապես թերի կողմերը, կամ, համենայնդեպս, «չափազանցությունները», որոնք բարի մտադրությունները վերածում են առնվազն անբովանդակ դոգմաների:

Այդ «աջ շրջադարձի» առաջնորդն, անշուշտ, Դոնալդ Թրամփն է: Օրերս ԱՄՆ նախագահը սառեցրեց Հարվարդի համալսարանին տրվող կառավարական դրամաշնորհը՝ այն բանից հետո, երբ համալսարանը հրաժարվեց կատարել Թրամփի պահանջները: Դրանց թվում են՝ վերջ տալ «հակասեմիտիզմին», որի տակ նա հասկանում է համալսարանների կամպուսներում ցույցերն՝ ի պաշտպանություն պաղեստինցիների:

Ինչպես նաեւ՝ վերջ տալ դասախոսներին աշխատանքի ընդունելու ժամանակ DEI ծրագրերին: DEI-ը (diversity, equity, and inclusion), ենթադրում է ոչ թե հավասարություն, հավասար հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են ու ողջունելի, այլ «ճնշված խմբերին» տրվող պարտադիր գերապատվություն, որը հենց իմ նշած ծայրահեղությունն է:

Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, անվիճելի է, որ մասնավոր համալսարաններն իրենք պետք է որոշեն, թե ում ընդունեն աշխատանքի, ինչպես դասավանդեն եւ ինչ հետազոտեն: Թրամփի քաղաքականությունն, ինչպես տեսնում ենք, իր ազդեցությունն է թողնում ամբողջ աշխարհի վրա:

Օրինակ, վերջերս ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղըզստանում:

Այդ դրամաշնորհները համարվել են «անարժեք»: Մեր դեպքում խոսքը 2 միլիոն դոլարի մասին է, որոնք պետք է ծախսվեին «ժողովրդավարական մշակույթը» զարգացնելու վրա:

«Ժողովրդավարական մշակույթին» ես, բնականաբար, երկու ձեռքով կողմ եմ: (Կասկածում եմ, որ կողմ է ՔՊ-ն, որը նույնիսկ ընտրություններում արժանապատվորեն պարտվել չգիտի): Բայց, հաշվի առնելով այն փարիսեցիությունը, երեսպաշտությունը, որը հաճախ դրսեւորում են արեւմտյան էմիսարները, ինչպես նաեւ այն գործունեությունը, որը ծավալում են հայաստանյան իշխանամերձ հ/կ-ները, նման ծրագրերի վերաբերյալ որոշակի կասկածներ ունեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ