Անցած շաբաթ, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին:
«Ռուսաստանն, – ասաց նա, – միացրել է Ուկրաինայի նախկին տարածքները: Ինչպե՞ս նա կարող է նահանջել»: Ուշադրություն դարձրեք. Ալիեւը, կարծես թե, խոսքերով ընդունում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասում, որ Ռուսաստանն իրեն բռնակցել է, այսինքն՝ ՌԴ Սահմանադրությամբ իր տարածքն է հռչակել հարեւան պետության ինքնիշխան 4 մարզերը:
Ադրբեջանի նախագահը փաստացի արդարացնում է այդ զավթումը (խնդրո առարկա տարածքները նա համարում է «նախկին ուկրաինական») եւ տարբերակ չի տեսնում, որ Ռուսաստանը դրանցից կհրաժարվի:
Նույն ելույթի շարունակությունն ավելի հետաքրքիր է եւ վերաբերում է ոչ այնքան ռուս-ուկրաինական պատերազմին, որքան մեր եւ Ադրբեջանի հարաբերություններին. «Կրակի դադարեցումը երբեք չի կանգնեցնում պատերազմը:
Երբեք: Դա պարզապես երկրների համար հնարավորություն է՝ վերախմբավորվել, մոբիլիզացվել եւ սկսել նորից»: Եվ վերջին միտքը. «Ցավոք սրտի, պատերազմներն ավարտվում են այն ժամանակ, երբ տեղի է ունենում կապիտուլյացիայի վերջնական ակտը»:
Աչքի առաջ ունենալով Փաշինյանին, որը հակված է կապիտուլյացիայի՝ այսինքն պարտված երկրի պետականության փաստացի վերացման, Ալիեւը կարող է կոնկրետ այս դեպքում նման եզրահանգման գալ: Համաշխարհային պատմության տեսակետից Ադրբեջանի նախագահն, իհարկե, սխալվում է՝ ոչ բոլոր պատերազմներն են ավարտվում կապիտուլյացիայով:
Խորհրդա-ֆիննական, կորեական, վիետնամական, աֆղանական, ինչպես նաեւ 20-րդ դարի բազմաթիվ այլ պատերազմների օրինակները ցույց են տալիս, որ տարբերակները շատ են: Ուկրաինան նույնպես, կարծում եմ, չի կապիտուլացվի, պետությունը չի վերանա:
Նույնը, ցավոք, չի կարելի ասել Հայաստանի մասին, եթե այս իշխանությունը երկար մնա ղեկին: Բայց Ալիեւի ասածը մեզ համար կարեւոր է նախեւառաջ նրանով, որ պարզ ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունները՝ շարունակել պատերազմն այնքան ժամանակ, մինչեւ որ չհասնի կապիտուլյացիայի՝ հայկական պետականության ոչնչացմանը: Ասելով «պատերազմ»՝ նկատի ունեմ ոչ միայն մարտական գործողությունները՝ չնայած դրանցից էլ հնարավոր չի լինի խուսափել:
Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվել է այդ երկու պետությունների կազմավորումից՝ 1991 թվականից սկսած, ոչ մի օր կանգ չի առել եւ շարունակվում է մինչ այս պահը: Պատերազմի դրսեւորումները բազմաթիվ են: Մասնավորապես՝ եթե կան գերիներ, պատանդներ, եթե նրանց հակառակորդի բանտում խոշտանգում են, եթե շարունակվում է նրանց «դատավարությունը», ուրեմն պատերազմը չի ավարտվել:
«Խաղաղության համաձայնագիրը», եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով ստորագրվի, իրավիճակը չի փոխի: Թե որքան լուրջ է Ադրբեջանը վերաբերվում այդ «համաձայնագրին», երեւում է նախապայմանից՝ «մինչեւ չփոխեք սահմանադրությունը, չենք ստորագրի»: Կարծում եք, Ադրբեջանի ղեկավարությունը չի՞ հասկանում, որ սահմանադրություն փոխելը (որին Փաշինյանը նույնպես հակված է՝ ցուլերին գրգռող բոլոր «կարմիր կտորները» վերացնելու ձգտումով) հնարավոր չէ ավելի շուտ, քան մեկ տարուց:
Պարզապես գտել է, օգտվելով պարտված թիմի անճարակությունից եւ ապաշնորհությունից, մեզ նվաստացնելու եւս մի առիթ: Իշխանության որոշ՝ առավել «խորամանկ» քարոզիչներ ասում են՝ այո, Ալիեւը շարունակելու է պատերազմը, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգելու է Ադրբեջանի հաջորդ հարձակումը:
Նախ՝ փաստ չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրվելու է: Երկրորդ՝ փաստ չէ, որ դա որեւէ բան կհետաձգի: Եվ ամենակարեւորը՝ ի՞նչ է պատրաստվում ձեր շեֆն այդ «հետաձգված ժամանակում» (ենթադրենք, մեկ տարում) անել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ
Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց … Սարգսյան