16/10/2025

Հայաստանի համար ռազմավարական գործընկեր դարձած Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները լարվել են

Հնդկաստանի մամուլը, հղում անելով կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Դելին մտադիր է դուրս գալ Պակիստանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրից:

Համաձայնագիրը կնքվել է 2021 թվականին: Համաձայնագրից դուրս գալու Հնդկաստանի որոշման մասին մամուլի տեղեկությունները հաջորդում են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությանը, որը ամենախոշորն է Հնդկաստանում 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Քաշմիրում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 26 է, կան տասնյակ վիրավորներ: Ավելի ուշ հայտնվեցին տեղեկություններ, որ Հնդկաստանն ունի տվյալներ, որ ահաբեկչության հարցում ներգրավված են Պակիստանի հատուկ ծառայություններ: Իսլամաբադը կոշտ արձագանքեց այդ տեղեկություններին՝ հայտարարելով, որ Դելին պետք է ներկայացնի ապացույցներ:

Պակիստանը հայտարարեց Հնդկաստանի հանդեպ կոշտ սանկցիաների մտադրության մասին: Այդ ֆոնին էլ տարածվեց տեղեկությունը, որ Հնդկաստանը կարող է դուրս գալ հրադադարի վերաբերյալ համաձայնագրից, քանի որ չնայած դրան՝ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները ներթափանցում են Քաշմիրի տարածք: Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը կարո՞ղ է վերստին ստանալ տաք բնույթ:

Հատկանշական է, որ ահաբեկությունը տեղի ունեցավ այն օրը, երբ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցության համար Հնդկաստան էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Հնդկաստանը հավակնում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, և այդ իմաստով, իհարկե, Պակիստանի հետ կոնֆլիկտը կարող է ունենալ երկակի ազդեցություն:

Մի կողմից այն կարող է «գամել» Դելիին և սահմանափակել նրա հավակնություններն ավելի լայն աշխարհաքաղաքական իմաստով, մյուս կողմից այդ կոնֆլիկտում արդյունավետ լինելու պարագայում՝ Դելին կարող է ստանալ հակառակ էֆեկտ և բարձրացնել իր դերը, հեղինակությունն ու կշիռը միջազգային ասպարեզում:

Իհարկե, հարկ է նկատել, որ թե՛ Պակիստանը չի մնա մենակ, եթե կոնֆլիկտը սրվի, թե՛ մենակ չի մնա, իհարկե, Հնդկաստանը: Եթե ծավալվի տաք հակամարտություն, ապա դրա վրա ձեռքեր տաքացնողների պակաս, իհարկե, չի լինելու:

Հայաստանի համար այստեղ առանձնակի զգայուն հանգամանք է այն, որ Հնդկաստանը վերջին տարիներին Երևանի համար դարձել է առանցքային ռազմա-տեխնիկական գործընկեր:

Հնդկաստանի ներգրավումը տաք կոնֆլիկտի մեջ կարող է պարունակել ռիսկ այդ գործընկերության համար, հատկապես, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմից կփորձեն այդ իմաստով օգտագործել իրենց դաշնակից Պակիստանին, մյուս կողմից, իհարկե, նաև օգնել դաշնակցին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությունը, իհարկե, լոկ այսպես ասած ռազմական բիզնեսի տրամաբանության մեջ չէ, այլ այն աշխարհաքաղաքական հավակնությունների, որ արտահայտում է Դելին գլոբալ խաղացողի նկատառումներով: