ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Մերձավոր Արևելք ուղևորվելուց առաջ խոսել է «Աբրահամի ուխտի» մասնակիցների շարքն ընդլայնվելու հավանականության մասին:
Դիվանագիտական այդ նախաձեռնությունը, որի նպատակն Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորումն է, համարվում է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանի էական ձեռքբերումներից մեկը:
Ուիթկոֆն ասել է, որ այժմ, երբ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն, «Աբրահամի ուխտին» մասնակիցների շրջանակն ընդլայնվելու նոր հնարավորություն կա: Նա հավանական է համարել, որ «ուխտին» կմիանան նաև Հայաստանը և Ադրբեջանը, որ նրա գնահատմամբ՝ «շատ մոտ են վերջնական խաղաղության հաստատմանը»:
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի այս դիտարկումը չափազանց կարևոր է այն առումով, որ մայիսի առաջին օրերին իսրայելական The Jerusaelem Post-ը հրապարակում էր արել, որ վարչապետ Նաթանյահուն մեկնում է Բաքու, որտեղ կքննարկվի «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի միանալու հարցը: Թերթի մեկնաբանը հավելել էր, որ այդ դեպքում ԱՄՆ-ն, Իսրայելը և Ադրբեջանը «քաղաքական դաշինք կկազմեն»:
Ադրբեջանի նախագահը դեռևս ԱՄՆ նախագահական մրցապայքարի ընթացքում է աջակցություն հայտնել Դոնալդ Թրամփին, իսկ նրա ընտրվելուց հետո հպարտացել, որ Հայաստանը «խաղադրույք էր դրել դեմոկրատական թեկնածուի վրա և, ինչպես միշտ, հուսախաբվել»:
Ալիևը Թրամփին հղած շնորհավորական ուղերձում ցանկություն է հայտնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերականգնել այն չափով, որ ձևավորվել էին Թրամփի նախագահության առաջին շրջանում:
Դատելով Սթիվ Ուիթկոֆի դիտարկումից, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են միասին միանալ «Աբրահամի ուխտին», ընդ որում, որքանով հասկացվում է՝ Վաշինգտոնն այդ հեռանկարը տեսնում է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման համատեքստում, ԱՄՆ նախագահը մերժել է Իսրայելի և Ադրբեջանի հետ «քաղաքական դաշինք» կազմելու գաղափարը:
Ճիշտ չէր լինի, իհարկե, վարկածել, որ Դոնալդ Թրամփը դա արել է հանուն Հայաստանի կամ Հայաստանի հանդեպ «անմնացորդ սիրուց դրդված»: Նա, թերևս, զգուշացել է Հարավային Կովկասում բաժանարար անցկացնելուց, որ կարող էր բարդացնել Ռուսաստանի, Թուրքիայի հետ հարաբերությունները, խորացնել Իրանի շուրջ առանց այդ էլ բարդ իրավիճակը:
Բայց տվյալ դեպքում կարևոր է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի կարգավորմանն Ադրբեջանի առանձնակի ներգրավվածության նպատակ գոնե հրապարակային տիրույթում չի հռչակում: Դա Հայաստանի համար հնարավորություն է, որ իրացնելու համար հարկ է որակական նոր հարաբերությունների ձգտել արաբական աշխարհի, հատկապես Պարսից ծոցի միապետությունների հետ:
Այդ ուղղությամբ վերջին երկու-երեք տարիներին Ադրբեջանը մի շարք սկզբունքային քայլեր է ձեռնարկել: Հատկանշական է Արաբական միացյալ էմիրությունների հետ սերտ համագործակցությունը, իսկ տառացիորեն մի քանի օր առաջ Ալիևը Բահրեյն է գործուղել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:
Մեծ է հավանականությունը, որ Ալիևը փորձելու է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերբեռնման ջանքեր գործադրել Պարսից ծոցի արաբական միապետությունների միջնորդությամբ:
Ըստ երևույթին, Ալիևը բոլոր հնարավորություններով դիմադրում է «Մեծ Եվրասիայի ինտեգրման» պուտինյան նախագծին ներգրավմանը: Այս իրավիճակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի «ցուցումը», որ Հայաստանը և Ադրբեջանը միասին կարող են միանալ «Աբրահամի ուխտին», Ադրբեջանի նախագահի համար լուրջ մարտահրավեր է:
Ալիևը մեկ անգամ չէ, որ Բայդենի վարչակազմին քննադատել է Հայաստանի «օգտին գործելու» համար: Ուիթկոֆի դիտարկումից հետևում է, որ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում նոր որդեգրում չի դրսևորում:
Թրամփը կանցնի՞ հայ-ադրբեջանական պայմանագիրն ստորագրելու խնդրին:
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևը Եվրամիությանը փաստացի առաջարկում է նոր բանակցություններ սկսել
Կովկասի հարցում հնարավոր է ապավինել լարվածության ռիսկի արդյունավետ ու «կայուն կառավարմանը»
ՔՊ-ը քաղաքական այլընտրանք չունի՞, Հայաստանի երկրորդ ընտրությունը կրոնապետությո՞ւնն է