«Հայկական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում, այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները եւս հնարավորություն ունենան տեղաշարժվելու»,- հունիսի 10-ին հայտնել էին էկոնոմիկայի նախարարությունից։ «30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են»,- հայտնում են նախարարությունից։
Նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: Նշենք, որ հայաստանյան կոնյակագործները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ահազանգելով այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները կանգնեցվում են Վրաստանում, իբրեւ թե վրաց մաքսավորները խմիչքի որակն են ստուգում, բայց Վրաստանն ընդամենը տարանցիկ երկիր է՝ Հայաստանից կոնյակը Ռուսաստան է արտահանվում, եւ չեն կարող կոնյակի բաղադրության ստուգումները շաբաթներ տեւել։
«Հրապարակը» գրել էր, որ Վրաստանի իշխանությունների այս տարօրինակ քաղաքականության պատճառն իրականում այլ է։ Վրացիները փորձել են պարտադրել, որ հայերը կոնյակի սպիրտն իրենցից գնեն, եղել է նախնական պայմանավորվածություն, սակայն հետո հրաժարվել են գնել, քանի որ վրացական սպիրտի գինն ավելի բարձր է եղել։ Իսկ վրացիները սպիրտի արտադրություն դնելու վրա արդեն որոշակի ծախսեր են արած եղել եւ հիմա փորձում են իրենց ծախսերը հետ բերել՝ ստիպելով, որ հայերն ամեն ֆուռից մի քանի հարյուր դոլար կաշառք վճարեն իրենց։ Ասում են նաեւ, որ «քցված» վրաց բիզնեսմենները Վրաստանի իշխանությունների «դաբրոյով» են գործում, իսկ մեր ապաշնորհ իշխանությունը չի կարողանում անգամ այս տնտեսական խնդիրը հարթել Վրաստանի իշխանությունների հետ։ Եվ հայ կոնյակագործներն ինքնուրույն են փորձում խնդիրը կարգավորել՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր են անում, կոնյակով բարձված ֆուռերը այնուամենայնիվ տանում են Վրաստան եւ հիմա որոշել են Թբիլիսին պարալիզացնել։ Մեզ ասացին, որ սա նյարդերի պատերազմ է՝ թե ով շուտ կընկրկի։ Սակայն այստեղ ՀՀ իշխանությունը որոշել է անգամ աջակցել Վրաստանի իշխանություններին եւ մեր տնտեսվարողներին նեղող վրաց բիզնեսմեններին։
Նախօրեին ՀՀ ՊԵԿ-ը կոնյակ տանող բեռնատարներին արգելել է հատել վրացական սահմանը եւ հաղորդագրություն է տարածել՝ կոնյակ արտահանողներին կոչ անելով սպասել եւ որոշ ժամանակ Վրաստան բեռնատարներով կոնյակ չուղարկել: Տպավորություն է, որ ՊԵԿ-ը Հայաստանի շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում է վրաց իշխանությունների շահերը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչեւ կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»:
ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի ՊԵԿ-ի այդ մոտեցման հետ կապված։ «Ունեմ հետեւյալ ինֆորմացիան․ ինձ փոխանցեցին, որ մի քանի օր ՊԵԿ-ը դադարեցնում է կոնյակի արտահանումը, փնտրում են ելքեր, որպեսզի հերթերը թեթեւացնեն: Ինձ ասացին, որ այդ ամենն ինքնանպատակ չէ, ասում են, որ վրացիների հետ ակտիվ բանակցային փուլում են եւ ուզում են հարցն արագ կարգավորել: Ասում են` մի ուղարկեք, մինչեւ հարցն արագ կարգավորենք, ինչից հետո բոլորը կարող են կոնյակն արտահանել: Համաձայն եմ, որ եթե հերթերը շատանան, դա մեզ համար ավելի լավ է, սակայն եթե երկու կողմը պայմանավորվում են, որ հերթերը չավելացնելով՝ խնդրին լուծում կտան, ես համաձայն եմ, մի քանի օր չենք արտահանի»,- ասաց նա:
Վստա՞հ եք, որ հարցը մի քանի օրից լուծում կստանա։ «Ինձ այդպես ասացին, ես մեծ հույսեր ունեմ, եթե այդպես չլինի, մեր գործը շատ ավելի կծանրանա: Էկոնոմիկայի նախարարը պետք է հանդիպումներ ունենար, սակայն ես տեղեկություն ունեմ, որ երկու կողմերն առանց հանդիպման հաղորդակցվում են եւ հարցը քննարկում են: Կողմերը կապի մեջ են: Մեզ` արտադրողներիս համար էական չէ՝ ով կգա, ով կգնա, մեզ համար կարեւորն այն է, որ հարցը ստանա լուծում, եթե հեռախոսազրույցով էլ կարող են հարցը կարգավորել, ես միայն ուրախ կլինեմ»:
Ինչ վերաբերում է նրան, որ հայերը հրաժարվել են կոնյակի համար նախատեսված սպիրտը ձեռք բերել վրացիներից, Մակար Պետրոսյանն ասում է. «Շշալցված կոնյակը խոչընդոտ սարքել, որպեսզի մենք Վրաստանից սպիրտ գնենք, իրատեսական չէ եւ շատ սխալ է: Օրենքով մենք նման բան չենք կարող անել: Վրաստանում էլ տեղյակ են, որ հայկական կոնյակում չի կարող վրացական սպիրտ լինել: Փոխանակ արտադրությունը զարգացնելուն, զբաղվում ենք կողմնակի խոչընդոտները չեզոքացնելով: Տարբեր լուրեր եմ լսել, բայց, պաշտոնական տվյալներով` ստուգում են հայկական կոնյակի որակը, ես անձամբ ասում եմ՝ ստուգեք եւ թողեք մեքենաները շարժվեն առաջ, եթե նպատակը ստուգելն է, բայց չգիտենք, թե որ օրենքով: Ամեն դեպքում դեմ չեմ, ես իմ ապրանքի հետ կապված մտավախություններ չունեմ»:






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով