25/11/2025

Ստորագրել են, բայց պահել սեյֆում, կհանեն երբ ․․․

ՀՅԴ Գերագույն մարմնի շենքում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջեւ իմպիչմենտի թեմայով բանակցությունները երեկ, կարելի է ասել, անպտուղ են անցել։

Հրապարակ թերթը գրել է․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից բանակցություններին մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգրան Աբրահամյանը, պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ ՀՀԿ-ի առաջարկով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելու եւ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ ընդդիմադիր պատգամավորներին կոչ անելով միանալ իրենց նախաձեռնությանը։

«Հայաստան» դաշինքը երկու օր առաջ արձագանքեց՝ «հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը», վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար:

Սա նշանակում է, որ իմպիչմենտի համար պահանջվող 36 ստորագրություններից 8-ը պետք է արդեն լիներ, այսինքն՝ ՊՈՒ խմբակցության 6 ստորագրությունից բացի, անկախներից երկուսն էլ պետք է միանան, ինչն այս պահին հնարավոր չէ․ Իշխան Զաքարյանն ասել է, որ կստորագրի, երբ 35 ստորագրություն արդեն լինի, Գեղամ Նազարյանի քվեն որոշիչ չէ, մնում են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք էլ ասել են, թե իրենք արդեն սկսել են անվստահության գործընթաց, Էդմոն Մարուքյանին էլ թեկնածու են առաջադրել, չեն ուզում նախկինների հետ որեւէ առնչություն ունենալ եւ նրանց սկսած գործընթացին մասնակցել։

ՀՅԴ ԳՄ-ում կողմերի բանակցությունների ընթացքում ՀՀԿ-ականներին չի հաջողվել համոզել «Հայաստան» դաշինքի գործընկերներին, որ դնեն իրենց ստորագրություններն իմպիչմենտի ձեւաթղթի տակ՝ առանց նախապայմանների, ասել են, որ այլ բան է, երբ ձեւաթղթում արդեն կա 34 ստորագրություն, այդ դեպքում երկուսին համոզելն ավելի հեշտ է, այլ բան է, երբ 6 ստորագրությամբ են բանակցում Փաշինյանի նախկին թիմակիցներ Աղազարյանի եւ Ասլանյանի հետ։ Սակայն քոչարյանականներն անդրդվելի են մնացել, պնդել են, որ չեն հրաժարվում միանալ գործընթացին, պարզապես քանի դեռ չկա հստակ ծրագիր, գործընթացն անիրատեսական է թվում, իրենք էլ գործնական քայլեր չեն անի: Կատակել են՝ ստորագրությունները ԳՄ գրասենյակի սեյֆում պահում ենք, երբ մնա 28 ստորագրության հարցը, սիրով կհանձնենք։

Հանդիպումից հետո, երբ կողմերը հայտարարեցին, որ գործընթացն առանձնապես տեղից չի շարժվել, գրոհ սկսվեց քոչարյանականների դեմ: ՀՀԿ-ականները սկսեցին նրանց մեղադրել իմպիչմենտի գործընթացը տապալելու, Փաշինյանի հետ համագործակցելու մեջ: Եվ «Հայաստանը» երեկոյան հրապարակեց 28 պատգամավորի ստորագրությունը՝ իբրեւ ապացույց, որ չեն մերժել, սակայն դրանք ոչ թե ՊՈՒ նախաձեռնության տակ են, այլ՝ առանձին սպիտակ թղթի վրա:

Սերժ Սարգսյանի թիմակիցները գրեթե վստահ են, որ առաջիկայում փողոցային պայքարն անխուսափելի է լինելու, ավելին` իրենք պատրաստվում են դրան: Ուստի պետք է իմպիչմենտի գործընթացը պատրաստ պահել, ոչ թե՝ երբ փողոցը եռա, նոր նախաձեռնեն: Հայկ Մամիջանյանն ասել է, որ եթե անգամ նախաձեռնությունը սկսելու համար պահանջվող 36 ստորագրությունը, դիցուք, այսօր հավաքվի, ապա այն մուտք չեն անի ԱԺ, քանի դեռ նպաստավոր իրավիճակ չի ձեւավորվել։

Հանդիպումից հետո Իշխան Սաղաթելյանը բացատրեց․ «Մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք: Օրինակ, փորձել ենք հասկանալ՝ այդ 2 ստորագրությունը կա՞, թե՞ չկա։ Երկրորդը․ ժամկետների հետ կապված հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք, երրորդը ծրագիրն է… Այս պահին, մեր գնահատմամբ, կա իմպիչմենտ սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար»։

Ըստ ամենայնի՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում չեն ուզում «առուն չթռած հոպ ասել» նաեւ այն պատճառով, որ լավ գիտեն` իշխանությունը հաջորդ օրն իսկ կարող է քրեական հետապնդումներ սկսել ստորագրողների նկատմամբ։ Բացի այդ՝ հայտնի է Ռ. Քոչարյանի դիրքորոշումը, որը հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացն այս պահին ունի իրականանալու զրո հավանականություն` լուրջ մարդը չի մտնի դրա մեջ:

Սրա հետ կապված՝ Սաղաթելյանն ասել է. «Նախ, կա իրավիճակի փոփոխություն, կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը եւ առաջադրել է թեկնածու, որը ողջունելի է։ 15 օր առաջ դա այդպես չէր։ Այն, ինչ ես հիմա ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է»։