Երեկ իրավապահները ռեպրեսիվ գործողություններ էին իրականացնում ընդդիմադիր գործիչների բնակարաններում, ապա 16 մարդու բերման ենթարկեցին: Ինչ-որ ձայնագրություններ սկսեցին տարածել, Քննչական կոմիտեն, Նիկոլ Փաշինյանը, տարբեր ՔՊ-ականներ տասնյակ գրառումներ ու լայվեր արեցին` իբրեւ թե երկրում զինված հեղաշրջում են կանխել:
Բագրատ սրբազանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհվածի հայր Արա Ռոստոմյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը եւ մի շարք այլ անձինք կալանավորվեցին: Այս մտասեւեռումները մեզ հիշեցրին, որ անցյալում էլ տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ են կալանավորվել` իբրեւ իշխանություն զավթելու փորձերի համար:
Ալբերտ Բազեյան, Արթուր Վանեցյան, Սերոբ Գասպարյան, Աշոտ Մինասյան: Հրապարակը զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ, որը տեւական ժամանակ կալանքի տակ էր` ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) առաջադրված մեղադրանքով:
– Նիկոլ Փաշինյանը Բագրատ սրբազանին եւ ընդդիմադիր մի խումբ գործիչների մեղադրում է իշխանություն զավթելու փորձերի եւ ահաբեկչություն կազմակերպելու համար: Ձերբակալություններ եղան, ինչ-որ ձայնագրություններ հրապարակվեցին, իշխանափոխության ինչ-որ ծրագիր է հրապարակվել իշխանական լրատվամիջոցով, թեեւ հայտնի չէ, թե այդ թղթի կտորն ով է գրել, եւ որքանով է այն վստահելի: Մի ժամանակ էլ Ձեզ էին մեղադրում իշխանազավթման փորձ կատարելու մեջ:
– Հայաստանի իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախի արդյունքում տառապում են զառանցանքներով: Նրանց պարբերաբար թվում է, թե ինչ-որ խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են ներթափանցել կառավարության շենք՝ փորձելով Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնել: Ինձ վրա եւս նման մի հոդված է դրվել, հետո ասացին, որ իբրեւ «Հյուսիսային տերեւաթափ» անվանումով ահաբեկչական խումբ է ձեւավորվել, Ռուսաստանում վերապատրաստվել են, հրահանգներ ստացել եւ եկել են Հայաստան` իշխանությունը զավթելու համար: Ձերբակալեցին նաեւ Սերոբ Գասպարյանին, տարան կալանքի…. իշխանական այս խմբակը կալանավորումներով փորձում է վախեցնել հանրությանը, այսօր էլ հարձակվել են Սրբազան շարժման առաջնորդի եւ համակիրների վրա, ապօրինաբար կալանավորել են հայ մեծ բարերար, մեծ հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանին, ես իմ զորակցությունն եմ հայտնում վերջինիս եւ նրա հարազատներին ու համակիրներին: Նիկոլ Փաշինյանի գործողությունները խիստ դատապարտելի են, նա ուղղակի սարսափում է այն մտքից, որ մի օր, վաղ թե ուշ, կորցնելու է իշխանությունը, քաջ գիտակցում է, որ իշխանությունը կորցնելուց հետո ինքն ու իր թիմակիցները, օրենքի համաձայն, դատական կարգով ենթարկվելու են պատասխանատվության եւ ցմահ ազատազրկվելու են` հայ ժողովրդին պատերազմի տանելու, հայկական Արցախն Ադրբեջանին հանձնելու, մեր հաղթական ժողովրդին պարտության մատնելու եւ ՀՀ սուվերեն տարածքից 60 ք/կմ ռազմավարական նշանակության դիրքեր եւ բարձունքներ թշնամուն հանձնելու, ինչպես նաեւ 5 հազար զոհերի համար: Եվ այսքանից հետո վարչապետի կինը հայտարարում էր, թե այս տղաները զոհվել են հանուն ոչնչի: Ոչնչությունը հենց իրենք են, տղաները զոհվել են հանուն հայրենիքի, իսկ հայրենիքի գաղափարից ավելի բարձր գաղափար գոյություն չունի, ինչքան էլ որ տունդ պարսպապատ լինի, եթե հայրենիքդ պաշտպանված չէ, եթե պետությունդ անվտանգ չէ, ուրեմն դու մեծ վտանգի մեջ ես: Մեր անվտանգության երաշխավորը բանակն է: Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակը կրկնապատկել է, նոր ստորաբաժանումներ է ձեւավորել եւ այլն, դրանց աշխատավարձերը կրկնապատկել ու եռապատկել է, տարին մի քանի անգամ պարգեւավճար է տալիս նրանց, որպեսզի իրեն լավ ծառայեն, իսկ զինվորականը ստանում է գրոշներ եւ անտեսված է: Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությանը, ապա այդ կառույցի նպատակը պետության անվտանգությունն ապահովելն է, արտաքին վտանգների գնահատումն ու կանխումն է, բայց Նիկոլն այդ կառույցն էլ է քանդել՝ այն դարձնելով իր իշխանության անվտանգության ծառայությունը: Բայց իշխանավորների անվտանգությունն ապահովելու համար կա առանձին ծառայություն` Պետական պահպանության ծառայության մասին է խոսքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչեւ տարեվերջ այս ապազգային, թուրքամետ իշխանությանը հեռացնենք:
– Մի թուղթ են հրապարակել եւ պնդում են, որ այն Սրբազանի իշխանազավթման ծրագիրն է: Կարո՞ղ էր, ասենք, Նիկոլ Փաշինյանը նման թղթի կտոր պատրաստել տալ եւ դրա հիմքով` բոլոր հնարավոր վտանգները չեզոքացներ:
– Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, եթե խոսքն իշխանությունը պահելու մասին է: Այդ մարդն իշխանությունը կորցնելու վախից ընկնում է զառանցանքների մեջ, արդյունքում մեծ սխալներ է թույլ տալիս: Oրինակ, գնաց Թուրքիա, Էրդողանին սապոնվեց, ակնկալելով աջակցություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար: Ես դիմում եմ բոլոր կազմակերպություններին, բոլոր ուժերին ու կուսակցություններին, հայրենակցական միություններին, ազատամարտիկներին. մի կողմ դրեք, թե որդ ինչ գաղափարներ եք կրում, մի մասը ռուսամետ է, մի մասը` արեւմտամետ, եկեք ոտքի հանենք մեր ժողովրդին եւ հեռացնենք իշխանությանը քաղաքական նոր ծրագրերով: Ժողովրդին պետք է ոտքի հանել եւ այս ազգադավներին հեռացնել իշխանությունից: Այս թուրքամետ իշխանությունը պետք է հեռանա: Ասեմ, որ իմ դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել, հուլիսի 7-ին հերթական դատական նիստն է լինելու, ամիսը 2-3 անգամ տանում են դատարան, արհեստական, շինծու նիստեր են անում, բնականաբար՝ ոչ մի բան չեն կարողանում հաստատել, նորից տուն են ուղարկում ինձ, եւ ես իրավունք չունեմ երկրից բացակայելու, քանի որ մեղադրյալ եմ, որն իբրեւ փորձել է ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին եւ բռնազավթել իշխանությունը: Դատական պրոցեսների ժամանակ ես դատավորին բացատրել եմ, որ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելով հնարավոր չէ իշխանություն բռնազավթել: Ոչ մեկը Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելուց հետո չի կարող դառնալ վարչապետ: ՔՊ-ն ունի բացահայտ մեծամասնություն, Նիկոլը մեռնի` նրան նահատակ կդարձնեն, առոք-փառոք կտանեն կթաղեն, մի հատ էլ ճոխ հուշարձան կկառուցեն ու իշխանությունն իրենց կպահեն` Ալեն Սիմոնյան, Պապիկյան, Արայիկ Հարությունյան, դրանցից մեկը կդառնա վարչապետ, ու ի՞նչ, մի՞թե մեր ուզածը դա է: Մենք ուզում ենք սահմանադրական ճանապարհով հասնել հաջողության, իսկ սրանց ուզածն այն է, որ մենք շեղվենք ճիշտ ճանապարհից, իսկ իրենք մեզ տանեն բանտ:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է