04/12/2025

Որդեկորույս ծնողներին լռեցնել կարողացավ, եկեղեցուն և Սամվել Կարապետյանին չի կարողանալու

Փոխվում են ժամանակները, փոխվում են հանրային հետաքրքրություններն, ուստիև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիրախները ևս փոխվել են:

Հրապարակ թերթը գրել է․ Եթե 2021 թվականին նախկին-ներկա, սև-սպիտակ, թալանչիներ և այլն լոզունգներով նրան ինչ-որ չափով հաջողվեց հանրությանը մանիպուլացնել և որոշակի ձայներ կորզել, ապա 2021-ից շատ չանցած, 2022-ի սկզբներից արդեն նկատելի դարձավ, որ հանրությունն այլևս չի ուտում «նախկին-ներկա» «կտերը» և մինչև հոգու խորքը մարդիկ հոգնել են Փաշինյանի ստերից, լաչառությունից, մեղքը սրա-նրա վրա բարդելուց….

Այժմ անգամ նրանք, ովքեր ատում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ատում են նաև Նիկոլ Փաշինյանին, նրա հեռացումն են երազում: Լրագրողական հարցումների ժամանակ, երբ խոսք է գնում ներկաների և նախկինների մասին, հավանաբար տեսած կլինեք, որ մարդիկ քանի անեծք նախկիններին են տալիս, մի քանի տասնյակ անեծք էլ՝ Նիկոլին ու ՔՊ-ին: Անհերքելի է, որ հասարակության 70 տոկոսից ավելին իշխանափոխություն է երազում եւ անիծում է 2018-ը, որ ինքն իր ձեռքով սրանց բերեց իշխանության:

Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ ամենը գիտակցում է Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մի պահ «արխային» էր, որ մարդիկ իր և նախկին իշխանությունների միջև ընտրության ժամանակ իրեն են ընտրելու: Հետո ի՞նչ եղավ: Նա այլ ուղղություններից վտանգներ տեսավ և քայլ առ քայլ սկսեց վախեցնել, պառակտել դաշտը, ոչնչացնել բոլոր այն օջախները, ովքեր կարող են ընդդիմությանն ալտերնատիվ լինել և պայքարել իր իշխանության դեմ:

Դրանցից մեկը՝ 2020 թվականին զոհված զինծառայողների ծնողների պայքարող խումբն էր: Եթե հասարակությունը որոշակի արդարացված պատճառներ ունի այսօրվա ընդդիմությանը չվստահելու, ապա այդպես չէ զոհված զինծառայողների ծնողների պարագայում:

Ի վերջո՝ ովքե՞ր են նրանք: Մարդիկ են, ովքեր կորցրել են իրենց զավակներին և արդարությունը վերականգնելու համար էին պայքարում: Այդքան մի բան: Նրանց ոչ փող էր պետք, ոչ փառք, ոչ էլ իշխանություն: Զուտ՝ արդարության վերականգնում, մեղավորի պատժում:

Փաշինյանը գիտակցելով որդեկորույս ծնողներից եկող վտանգը, որ նրանք կարող են համախմբել հանրությանը, նրանցից մի քանիսին բանտարկեց, վախեցրեց ու պառակտեց նրանց շարքերը: Երբեմնի ամենապայքարող խավն այսօր չի պայքարում: Նրանց հիմնական առաջնորդները կամ կալանքի, կամ տնային կալանքի տակ են: Հաջորդ երկու ալտերնատիվ տարբերակները՝ Հայ առաքելական եկեղեցին և ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն էին:

Եկեղեցին վայելում է հանրության մեծամասնության վստահությունը, հարգանքն ու սերը: Անկախ նրանից, թե Փաշինյանն ու իր արբանյակներն ինչ ստեր կտարածեն եկեղեցու մասին, եկեղեցին շարունակում է մնալ բարձր դիրքերում և Նիկոլ Փաշինյանի համար վտանգ ներկայացնել: Թերևս սա է պատճառը, որ ընտրություններից մեկ տարի շուտ Նիկոլ Փաշինյանը լծվել է եկեղեցուն լռեցնելու, վախեցնելու, եկեղեցականներին պառակտելու, բանտարկելու պրոցեսին:

Դե իսկ Սամվել Կարապետյանը ևս մեծ պոտենցիալ ունի և լուրջ այլընտրանք է ընդդիմությանը: Նա բարերար է, ոչինչ չի թալանել, ոչինչ չի խլել ժողովրդից: Անգամ որոշ լատենտ իշխանականներ սկսել են աջակցել Կարապետյանին: Ի վերջո, նրա գործոնով պայմանավորված շատերը, եթե մեկ-երկու ամիս առաջ չգիտեին, թե ում ընտրել 2026-ի ընտրություններում, ապա հիմա վստահաբար ասում են՝ Սամվել Կարապետյան, կամ` նրա ձեւավորած ուժը: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ բոլոր հավանական հակառակորդներին բանտարկելով, կարողանալու է լռեցնել, սակայն այս դեպքում, վստահ ենք, սխալվում է: Որդեկորույս ծնողներին լռեցնել կարողացավ, եկեղեցուն և Սամվել Կարապետյանին չի կարողանալու: