Ապրիլի 5-ին Հայաստանի հանրության ուշադրությունը կլաններ էլ Բրյուսելի եռակողմ հանդիպումը, որն անշուշտ ներառում էր Հայաստանի համար կարեւոր, բախտորոշ հարցեր:
Մի կողմ թողնենք, թե հանրային այդ ուշադրությունը ինչպիսի կառուցվածք ուներ, եւ այն, թե արդյո՞ք բրյուսելյան հանդիպումը արդարացրեց սպասելիքներ, ակնկալիքները եւ այլն: Ինչպես հայտնի է, եռակողմ հանդիպումից հետո եղավ ամփոփիչ հայտարարություն, որով Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտնում էին Հայաստանի ժողովրդավարական ռեֆորմներին, արդիականացմանը, դիմադրունակությանը նպաստելու, աջակցելու պատրաստակամություն: Քաղաքական մոտիվներն ու տողատակերը, դարձյալ՝ այս պահին դնենք մի կողմ:
Ի վերջո, կասկածից վեր է մի բան, որ Հայաստանի արդիականացումը հրամայական է, իսկ այդ հարցում ԱՄՆ ու Եվրամիությունը ունեն մեծ փորձ, տիրապետում են տեխնոլոգիաների, մեթոդաբանության, ռեսուրսների, եւ Հայաստանի համար հույժ կարեւոր է նրանց հետո գործակցությունն ու այն Հայաստանի զարգացմանը ծառայեցնելը: Միեւնույն ժամանակ, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, եթե Հայաստանի արդիականացման եւ զարգացման հարցը ամուր հիմքի վրա չէ հենց Հայաստանի ներսում, արտաքին որեւէ աջակցություն չի կարող լուծել դրան վերաբերող որեւէ հիմնարար հարց, այն պարզ պատճառով, որ արտաքին բոլոր խոշոր դերակատարներն էլ բնականաբար առաջին հերթին հետապնդում են իրենց աշխարհաքաղաքական շահը եւ Հայաստանի փոխարեն չեն զբաղվելու Հայաստանի արդիականացման ամենօրյա աշխատանքով:
Այդ տեսանկյունից, իրավիճակի խորությունը, հակասականությունն ու բուն խնդիրը ի ցույց դնելու համար Բրյուսելից «վերադառնանք» Երեւան, նույն՝ ապրիլի 5-ի համատեքստում: Նույն օրը գիշերը Երեւանում տեղի է ունեցել մի քանի տասնյակ քաղաքացիների մասնակցությամբ հաշիվների պարզաբանում, որի ընթացքում գործի է դրվել հրազեն, ընդհուպ՝ Կալաշնիկով ավտոմատ:
Թվում է, որ իրար կողք ենք դնում բացարձակապես անհամարժեք իրողություններ: Բրյուսելում հանդիպում, որի հանդեպ ուշադրությունն անգամ աշխարհաքաղաքական մակարդակով էր, եւ ինչ որ քրեական ռազբորկա Երեւանում: Առերեւույթ, այո, դրանք բացարձակ համեմատելի իրողություններ չեն: Բայց, երբ նայում ենք հենց Հայաստանի զարգացման եւ արդիականացմման խնդրի դիտանկյունից, դրանք ըստ էության այդ երեւույթի երկու երեսներն են:
Քրեական ռազբորկան Հայաստանի համար դարձել է սովորական մի երեւույթ, ընդ որում տարիքային տարբեր մակարդակներում՝ վաղ պատանեկությունից, մինչեւ անգամ հասուն, ընդհուպ թոշակի տարիքի մոտեցող տղամարդիկ: Սուր, կտրոկ, ծակող գործիքների կիրառումը դրանցում նույնպես այլեւս սովորական «ստանդարտ» է, եւ դրան է մոտենում նաեւ հրազենի գործադրումը:
Պատկերը խոսում է Հայաստանի կառավարման անարդյունավետության մասին, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում իբրեւ թե կա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք, որը պետք է լիներ այսպես ասած թավշյա հեղափոխության արժեհամակարգային ձեռքբերումներից մեկը:
Գործնականում սակայն, այն ոչ միայն հերթական չգործող օրենքն է, այլ՝ դրա օրենսդիրներից շատերը նույնիսկ ժամանակի ընթացքում իրենց վարքագծով ու կերպարով սկսեցին տեղավորվել այդ ենթամշակույթի դաշտում, իհարկե քաղաքական օպոնենտների հանդեպ վերաբերմունքով:
Իսկ Հայաստանի իրավապահ համակարգը այս տարիների ընթացքոււմ կլանել է արդիականացման, ինչպես նաեւ դրա շնորհիվ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով հատկացվող ահռելի թե պետական, թե դոնոր կազմակերպությունների եւ գործընկեր երկրների կառավարությունների միջոցներ:
Եթե Հայաստանում չկա կառավարման մասնագիտական բավարար հմտություն, ջանք, հետեւողականություն, դրա համար քաղաքական պատասխանատվություն, ապա տասը բրյուսելյան հանդիպում կամ 270 միլիոնի փոխարեն 270 միլիարդի հատկացում՝ չեն փոխի իրավիճակը Հայաստանի զարգացման եւ արդիականացամնա հարցում, այլ կլուծեն ընդամենը ուրիշ խնդիրներ, որոնք թերեւս ոչ մի անմիջական կապ չեն ունենա Հայաստանի հետ:
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ