22/12/2024

Շառլ Միշելը զգուշացրել է՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, այլ հակառաը՝ հեռացնել գործընթացից:

Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով մարտի 17-ին Եվրոպական խորհրդի նիստում քննարկել Վրաստանի վերջին իրադարձությունները։

Զուրաբիշվիլին սադրանք է անվանել օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, նաև իր աջակցությունը հայտնել խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին։

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիում հանրապետության խորհրդարանի շենքի դիմաց ցույցի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ: Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր ծանր առարկաներ են նետել, այդ թվում՝ քարեր և շշեր, մեկ ոստիկան վիրավորվել է, վնասվել է նախարարությանը պատկանող մեքենան:

Ցույցը ցրելու ժամանակ ՆԳՆ-ն կիրառել է հատուկ միջոցներ, այդ թվում՝ արցունքաբեր պղպեղի փոշի: