Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թ․ հոկտեմբեր ամսվա խոսակցության ձայնագրությունը։
Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Իսկ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՆԳՆ ոստիկանությունից այդ խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այս հաղորդագրությունները ոչ մի իրավական աղերս չունեն ո՛չ քրեական իրավունքի, ո՛չ էլ քրեական դատավարության հետ։ Ընդսմին․
1․ Եթե ոստիկանությունից է ստացվել խոսակցության ձայնագրությունը, ապա, ենթադրվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (քր․դատ․օր) 173-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի համաձայն, այսինքն՝ ոստիկանությունն այդ տվյալները ստացել է իր գործունեության իրականացման կապակցությամբ։
1․1․ Նշանակում է, որ ոստիկանությունը լսում է մեր հեռախոսային խոսակցությունները, ավելին՝ այն տարածում է համաձանցում։ Իսկ դա Սահմանադրության 33-րդ հոդվածի խախտում է, համաձայն որի․ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք, իսկ հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ։
1․2․ Նշված հաղորդագրության մեջ դատարանի որոշման մասին խոսք չկա։
2․ ՀՀ քր․դատ․օր․ 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ Ապացույցի թույլատրելիությունը որոշվում է այն ձեռք բերելու պահին գործող օրենքով, իսկ ՀՀ քր․դատ․օր․ 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով կազմված փաստաթղթերը և որևէ կրիչի վրա ամրագրված տվյալները քրեական վարույթում ապացույց չեն:
2․1․ Եթե դա դիտվում է որպես արտավարութային փաստաթուղթ, ապա այն ՀՀ քր․դատ․օր․ 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետք է ստացված լինի դատարանի թույլտվությամբ, իսկ համապատասխան միջոցառումն իրականացված լինի ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով:
2․2․ 2023թ․ հոկտեմբերից անցել է արդեն 2 տարի, այսինքն՝ ենթադրյալ հանցագործությունը կանխելու նպատակը բացակայում է։
3․ ՀՀ քր․դատ․օր․ 97-րդ հոդվածի 2-9-րդ մասերի համաձայն․ Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող ապացուցողական գործողության կատարման հիմք լինել և օգտագործվել ապացուցման գործընթացում․ դրանք ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:
3․1․ Իսկ նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն․ Արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Այդ արտավարութային փաստաթղթերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ դրանք ստացվել են քրեական վարույթ նախաձեռնելուց առավելագույնը չորս ամիս առաջ` ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար, կամ ութ ամիս առաջ` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար:
3․2․ Սույն պարագայում կարևոր է, թե դատախազությունը կամ քննչական մարմինը երբ է իմացել այդ ենթադրյալ հանցագործության մասին։
4․ ՀՀ քրեական օրենսգրքի (քր․օր․) 236-րդ հոդվածի 3-րդ մասը երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով քրեական պատասխանատվություն է սահմանում իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:
4․1․ ՀՀ քր․օր․ 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն․ Այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը համարվում են միջին ծանրության հանցանքներ։
4․2․ Այսինքն՝ եթե անգամ այդ տեսանյութը դիտվի արտավարութային փաստաթուղթ, միևնույն է, այն չի կարող մեղադրանքը հիմնավորող ապացույց դիտվել, քանի որ դատավարական օրենքն արգելում է միջին ծանրության հանցանքը հիմնավորել այդ ձայնագրությամբ, իսկ ՀՀ քր․օր․ 236-րդ հոդվածի 3-րդ մասը համարվում է միջին ծանրության հանցանք։
5․ Տեսական հարց է, թե արդյո՞ք եկեղեցու ներսում իրականացվող հարաբերությունները իշխանական կամ ծառայողական են, թե՝ ոչ։ Իմ կարծիքով՝ եկեղեցական աստիճանակարգումը կապ չունի իշխանական կամ ծառայողական ենթակայության հետ այն սկզբունքով, ինչ գոյություն ունի աշխարհիկ-քաղաքացիական կյանքում։ Այսինքն՝ եկեղեցականին մեղադրել իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելու մեջ՝ իրավական չէ, քանի որ պետությունը որևէ կերպ չի մասնակցում այդ հարաբերությունների ձևավորմանը, ուստիև իրավասու չէ այդ լիազորությունների շրջանակը դիտարկել որպես իշխանական կամ ծառայողական։
5․1․ Եւ, ի վերջո, եթե վարույթն իրականացնող մարմինը հիմնավորի, որ ամեն ինչ օրինական է, առկա է ծառայողական ենթակայությունը և պետք է մեղադրանք առաջադրվի, ապա պետք է գործի ՀՀ քր․օր․ 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, համաձայն որի․ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է համարվում ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով կարգադրիչ լիազորությունները կամ ծառայողական լիազորությունները կամ ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելը։ Մինչդեռ՝ թե Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և թե Աղան աբեղա Երնջակյանը գտնվում են Գարեգին Բ կաթողիկոսի ենթակայության տակ։
5․2․ Այսինքն՝ ՀՀ քր․օր․ 236-րդ հոդվածի 3-րդ մասով կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն անհիմն է և անօրինական։
Սպասենք իրադարձությունների ձևավորմանը
Հարություն Բաղդասարյանի էջից
Բաց մի թողեք
Եթե անգամ Վեհարանը գրավեն, դա չի նշանակելու, թե իշխանությունը հասավ հաջողության
Բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ