Հայաստանում հողի սողանքների պատճառով բազմաթիվ են վթարային տները։ Պետական մարմինները պետք է կատարեն սողանքային գոտիների քարտեզագրում, ռիսկերի գնահատում, սողանքների կանխարգելում, ունենան վթարային տների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, որպեսզի հարկ եղած դեպքում կատարեն վթարային տների բնակիչների տարհանում։ Սակայն այդ նպատակով բավարար աշխատանքներ չեն տարվում։ Հիմնահարցը դիտարկեմ Տավուշի օրինակով։
Դիլիջան քաղաքում, Դիլիջան համայնքի Գոշ, Հաղարծին, Հովք, Իջեւան համայնքի Աչաջուր, Գետահովիտ գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում եւ այլ բնակավայրերում առկա են սողանքի օջախներ։ Տարիներ առաջ ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը Տավուշի սողանքային ակտիվ գոտիներում հորատանցքեր է փորել եւ սողանքի գոտում ջրահեռացումից հետո այդ տեղերում տեղադրել է ջրի մակարդակի բարձրացումն արձանագրող ավտոմատ սարքեր։ Դիլիջան քաղաքի կենտրոնում առկա սողանքի հարցը տարիներ առաջ լուծվեց դեռեւս խորհրդային ժամանակ փորված, ջրահեռացման համար նախատեսված թունելները մաքրելու, դրանք վերագործարկելու շնորհիվ։ Իջեւան համայնքի Գետահովիտ գյուղում սողանքի հետեւանքով վթարայնության տարբեր կարգեր ունեցող շուրջ 90 տուն կա։ 1997-1998 թթ․ դրանցից 7-ի տերերին պետական բյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել։ 2012-ին սողանքից տուժած գետահովիտցի մի ընտանիքի պետական բյուջեից 5 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել։ Պետական բյուջեից դրամական աջակցության շնորհիվ տարիներ առաջ լուծվել է Դիլիջան համայնքի Գոշ եւ Հաղարծին գյուղերի սողանքից վթարային թաղամասերի բնակիչներին տներով ապահովելու խնդիրը։ Սակայն Տավուշի մարզում վթարային տների խնդիրը լուծված չէ, 2023թ․ հունիսին Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզի 19 բնակավայրում հաշվառված է 3-րդ կարգի վթարային 289, 4-րդ կարգի վթարային՝ 184 տուն։
Տավուշի մարզում սողանքից վթարային տների վերաբերյալ դեռ 2024թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Նրա պատասխանում նշված է․ «Մարզի վթարային տների եւ բազմաբնակարան շենքերի ցանկը ենթակա է թարմացման, այն ըստ կարգի պարբերաբար անհրաժեշտ է գույքագրել եւ թարմացնել, որի մասին մենք հանձնարարականներ ենք ուղարկել համայնքներ: Մարզպետի աշխատակազմը չունի հստակ տեղեկատվություն։ Լրացուցիչ տեղեկացնում եմ, որ վերջին 5 տարիների ընթացքում որեւէ սողանքային տան փոխհատուցման գործընթացներ չեն իրականացվել»: 2025թ․ փետրվարի 26-ին մարզի վթարային տների վերաբերյալ նորից եմ հարցում արել Տավուշի մարզպետին։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, եւ ներկայում թարմացված տեղեկատվություն չունենք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն՝ ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»։
Սեպտեմբերի 1-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրել եմ. «Տավուշի մարզում հողի սողանքի ի՞նչ օջախներ կան, դրանցից որո՞նք են ակտիվ փուլում գտնվում, ո՞ր բնակավայրերում են այդ սողանքները, դրանցից քանի՞ տուն, քանի՞ այլ կառույց է տուժել։ 2018 թվականից հետո հողի սողանքից տուժած տների, կառույցների սեփականատերերին պետական ի՞նչ օգնություն է ցուցաբերվել»։
Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին, Գոշ, Հովք եւ Աչաջուր բնակավայրերում առկա են ակտիվ սողանքային գոտիներ: Ներկայում այդ գոտիներում գտնվող տների քանակի եւ տեխնիկական վիճակի վերաբերյալ չունենք թարմ տվյալներ: 2026 թվականին համայնքների կողմից կիրականացվի գույքագրում՝ վերոնշյալ բնակավայրերում տների տեխնիկական վիճակների մասով, եւ կճշտվի քանակը»։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են