25/10/2025

2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցազրույցի հեռարձակումից հետո որոշ լրատվամիջոցներ ակնհայտորեն խեղաթյուրել են պաշտպանության նախարարի հնչեցրած խոսքը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Լուսանկարում պատկերված մեջբերումը կեղծ է. իրական խոսքը հասանելի է տեսանյութում:

Գերատեսչությունից ԶԼՄ գործընկերներին հորդորում են մեջբերումներ կատարելիս լինել բարեխիղճ և ներկայացնել ասվածն այնպես, ինչպես հնչել է հարցազրույցում։

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել:

«Դա մեր նախընտրական ծրագրում է առկա, նաև մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա ՀՀ բանակի մերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, և իհարկե, դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում:

Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, և բնականաբար պետք է կատարենք մեր Կառավարության ծրագիրն ու խոստումը: Եվ դա, այսօր վերածել նախընտրական քարոզարշավի, մենք նման մտադրություն չունենք, այլ կատարում ենք մեր պարտավորությունները: Բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մենք չենք պատրաստվում պաշտպանվել ու ասել մեր կատարած քայլը որևէ կապ չունի մեր հանրության առջև մեր ստանձնած պարտավորությունների հետ:

Իհարկե, մենք պիտի անենք այն, ինչ խոստացել ենք, ու եթե դա հանրության համար դրական, ընդունված քայլ է, ինչու պետք է հրաժարվենք դրանից»,- ասաց նախարարը:

Այս քայլի ազդեցությունն, ըստ Պապիկյանի գնահատվում է դրական:

«Անհրաժեշտ է, որ բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի և կալանավայրի չվերածվի: Նաև մեր ծրագրի մեկ այլ մաս է կազմում, որ մենք պետք է ուժեղացնենք պրոֆեսիոնալ հատվածը, այսինքն ավելացնենք պայմանագրային պրոֆեսիոնալների թիվը՝ ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման:

Հայաստանի բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալները, պայմանագային զինծառայողները»,- ասաց Պապիկյանը:

2025 թվականին ՀՀ զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք։

«Մահվան դեպքերից մեկը եղել է կայծակի հարվածի, մեկը՝ հոսանքահարման, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով, և մեկը՝ ցավոք` ինքնասպանության»,–ասաց Պապիկյանը։

Նա ընդգծեց` դրական է այն փաստը, որ սպանության դեպք չի արձանագրել։ Ըստ նախարարի` դա իհարկե դրական տենդենցի մասին է խոսում, բայց իրենց չի ուրախացնում, քանի որ գրանցված դեպքերը մտահոգիչ են, և դրանց ուղղությամբ աշխատանք կա անելու, որպեսզի կարողանան բացառել նման իրավիճակների կրկնությունը։

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով` իրենք այս տարիներին զարկ են տվել նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որն իր տեղն ու դերն ունի ռազմական բյուջեի մեջ։

«Այդ արտադրանքի մի մասը սպասարկելու է նախկինում մեր ունեցած զենքերը, այդ թվում` զինամթերքով։ Մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ հայկական զենքը որակապես մրցունակ լինի և դուրս գա շուկա»,–ասաց Պապիկյանը։

Նա ընդգծեց` եթե ներդրումներ այդ ոլորտում չլինեն , հնարավոր չի լինի ավելի մրցունակ ու ավելի ցանկալի զինատեսակներ ստեղծել։

Պապիկյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5,5 մլրդ դրամի պայմանագիր են կնքել, իսկ հետագայում արդեն եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը դարձել է 170 մլրդ դրամ։

ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանություւնը պաշտպանելու համար։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի սահմաններից դուրս ՀՀ զինված ուժերը կիրառելու մտադրություն չունեն։