30/10/2025

Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան

2 օրում 2 դրական նորություն` բյուջե-2026-ի քննարկումների ժամանակ. տնտեսական աճը խոստացված 7 տոկոս է եղել, եւ 2026-ին վերջապես կներդրվի բժշկական ապահովագրությունը:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց վատ նորություններն ավելի շատ են՝ ռազմական ծախսերը կրճատվում են 15,3 տոկոսով, ավելի անպաշտպան ենք դառնալու, քան 2025-ին, թոշակները չեն ավելանալու, աղքատությունը չի նվազել: Պաշտոնական տվյալներով՝ 23,6 տոկոս աղքատություն ունենք: Սա նաեւ Փաշինյանի կառավարության 5 տարվա աշխատանքի արդյունքն է, 2021-2026 թթ․ կառավարության ծրագրի գլխավոր ցուցանիշը: Վարչապետը, ինչպես ինքն է ասում, մտածել-մտածել ու հասկացել է, որ պատճառը դպրոցներն են, որոնք նախկիններն ավերակ են դարձրել: Նման եզրակացություններով վարչապետին դժվար էլ հաջողվի գոնե 2026-ին կանգնեցնել աղքատության թափանիվը:

Եթե տնտեսությունն աճել է, հարկերն էլ հավաքվել են, ինչո՞ւ միջին կենսաթոշակը պարենային զամբյուղին՝ 85 հազար դրամին չի հավասարվել, ինչպես խոստացվել էր, եւ նվազագույն աշխատավարձը 85 հազար չի դարձել` 75 հազար է: Այս հարցերը բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Սա պոպուլիստական քա՞յլ էր՝ մարդկանց քվեն ստանալու համար, թե՞ ձեր ներկայացրած տնտեսական աճը նկարված է»: Նախարարի պատասխանն անհասկանալի էր. «Ամենամեծ աճը 2025-2026 թթ․ տեղի է ունենում հենց սոցիալական ապահովության գծով: Կարծում եմ, նախարարը ավելի դիպուկ կպատասխանի, բայց կարող եմ ասել, որ կարեւորը ֆիսկալ կայունությունն է»: Իսկ թե ինչու ֆիսկալ կայունության պայմաններում, այնուամենայնիվ, 700 հազարից ավելի աղքատ ունենք, որոնց կյանքի որակը վատացել է, նա չպատասխանեց:

Որպեսզի կարողանան թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, պետք է վերանայեն մյուս ծախսերը, բայց 2026-ին մեծ հատկացումներ են արվելու առողջապահության ոլորտում ապահովագրության ներդրման համար՝ բացատրում է ֆինանսների նախկին նախարար, ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Այս պայմաններում աշխատավարձ կամ թոշակ չեն կարող բարձրացնել: «Որպեսզի բարձրացնեն, պետք է բյուջետային գերակայությունները վերանայեն»,- ասում է նա:

Ըստ Արամյանի, Հայաստանում բժշկական ապահովագրությունն աշխատելու է կազինոյի սկզբունքով: «Դա փողերի վերաբաշխում է: Ասենք, դու 1000 հոգուց վերցնում ես վճարները, բաշխում 10 հոգու միջեւ, ովքեր դրա կարիքն ունեն: Սա ոչ այլ ինչ է, քան կազինո: Դասական ապահովագրությունն այլ ձեւով է աշխատում: Ապահովագրական ընկերությունը գումարը հավաքելով, նաեւ մեծ ներդրումներ է կատարում, որից եկամուտներ է գեներացնում: Համաշխարհային շուկայում հիմնական ներդրողներից են ապահովագրական ընկերությունները, որոնք, հավաքելով ապահովագրական վճարները, կառավարում են այդ գումարները եւ բավականին լուրջ եկամուտներ են ստանում, որը եւ բաշխում են մարդկանց միջեւ»:

Աշխատավարձի բարձրացման հարցը ֆինանսների նախարարի վրա թողնելը Արամյանը ճիշտ չի համարում. «Ֆինանսների նախարարությունը մի պարզ մոտեցում ունի, ասում է՝ 22 թվականից այս կողմ պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճում է: Պակասորդը ՀՆԱ-ի մեջ աճում է, ինչը խնդրահարույց է: Դրա համար ֆինանսների նախարարությունը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ասում է՝ կառավարություն ջան, դուք գնացեք ձեր գերակայությունները նայեք, սա է մեր բյուջետային սահմանները»: Լավ, ինչո՞ւ չի աղքատությունը կրճատվում: Դրա վերաբերյալ Վարդան Արամյանը մի ամբողջ տեսություն ունի. «Միջին եւ ցածր եկամտով մարդկանց կենսամակարդակը շատ ավելի վատ է, քան 2018-ից առաջ: Որովհետեւ 18-ին բեմահարթակում հայտնված մարդկանց հիմնական մեսիջն էր՝ ձեր վարկերը, տուգանքները կչեղարկենք, հարկերը կիջեցնենք, վատ եք ապրում, որովհետեւ ձեզ թալանել են նախկինները: Այս մեսիջներով սնվելով, մարդիկ ձեւավորեցին սպասումներ: 2018 թվականին կրկնակի եւ ավելի աճեցին սպառողական վարկերը: Խոստումներին հավատալով, սպառողական վարկեր վերցրին, որոնք ընթացիկ են եւ չեն բարձրացնում նրանց կենսամակարդակը: 2019-ին նրանք տեսան, որ կենսամակարդակն ու բարեկեցությունը չբարձրացան»:

Պատճառը, ըստ Վարդան Արամյանի, սպառողական վարկերի աճն է, որն անհամաչափ է աշխատավարձի աճին: «Փաշինյանը միշտ խոսում է եկամտային մասից, բայց յուրաքանչյուր տնտեսություն ունի նաեւ հաշվեկշիռ: Դա իր ակտիվներն են ու պարտավորությունները: Բնականաբար, միջին եւ ցածր կենսակերպի մարդկանց ակտիվներում բան չկար՝ կապիտալ, ընկերություն, ֆիզիկական ակտիվներ, որոնցից եկամուտ գեներացնեն: Նրանց ակտիվներում մի հատ ջարդված «Օպել» էր, մի փոքր բնակարան: Նրանց եկամուտը գեներացվում է աշխատավարձից: 2018-2025 թթ. գնաճով ճշգրտված աշխատավարձերն աճել են 30 տոկոսից ավելի: Սրա մեջ կա հարկային վարչարարությունը, երբ սեւ եկամուտը սպիտակում է, եւ իրականում ոչինչ չի փոխվում, բայց, ենթադրենք, այդ 30 տոկոսն իրական աճ է: Բայց չէ՞ որ ծախսերն էլ են շատացել: Չէ՞ որ մարդը, որ վարկ է վերցրել, իր ապագա կենսամակարդակը կրճատելով՝ բերում տալիս է այդ փողը: Իսկ այս 7 տարիներին սպառողական վարկերն աճել են 2,6 անգամ: Ես էլ չեմ խոսում խաղամոլության աճի մասին: Ֆինանսների փոխնախարարը մի անգամ թիվ հնչեցրեց՝ 5 տրիլիոնից ավելի խաղադրույք է կատարվել: Սա արտասահմանցիները չեն կատարել, չէ՞»,- ասում է նախկին նախարարը:

Վարդան Արամյանին խնդրեցինք մեկնաբանել Փաշինյանի արտահայտությունը, թե աղքատությունը չի նվազում, որովհետեւ նախկիններն ավերել են դպրոցները: Նա համեստ գտնվեց. «Սովորական մահկանացուն անզոր է այդ սրբի ասածները մեկնաբանել։ Նա մահացել է, հարություն է առել, հիմա էլի սրբադասվել է, ես՝ նվաստ մահկանացուս, ո՞նց կարող եմ մեկնաբանել նրա ասածները»: