Օրեր առաջ Միքայել եւ Բագրատ սրբազանները կալանավայրից հայտարարություններ տարածեցին` ուղղված հանրությանը, Վեհափառ հայրապետին, իրենց եկեղեցական եղբայրներին:
Մի հայտարարության մեջ, որով անդրադարձել էին 10 սրբազանների դավաճանությանը, ասված էր.
«ա) Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ՝ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,
գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միեւնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս եւ համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր ե՛ւ անսասան կմնա, ե՛ւ որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը եւս»:

«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետեւ համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա եւ ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որեւէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է (Հռոմ. ը- 37:39)»:
Հայտարարություն հղեց նաեւ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ սրբազանը: Կիրակի օրը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ շրջիկ պատարագասերների հերթական ակցիան` քաղաքական պատարագը, որն ուղեկցվեց ծափողջույններով, Վեհափառի անունը բարձրաձայնելու համար բերման ենթարկելով, եւ, ինչպես մեր թղթակիցն էր նկատել, գրեթե ոչ մի մոմ չվառվեց:
Հրապարակը զրուցել է Սաղմոսավանքի հոգեւոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ:
– Սրբազանները բանտից հանդես եկան հստակ հայտարարությամբ, հստակ պահանջներով: Ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարության մասին:
– Իհարկե, կիսում եմ սրբազանների հայտարարությունը, Մկրտիչ սրբազանի հայտարարությունը նույնպես կիսում եմ:
– Այսինքն՝ Դուք նույնպես այն կարծիքին եք, որ եկեղեցին պետք է մաքրվի դավաճաններից:
– Սրբազանների մտահոգությունը ես կիսում եմ ամբողջությամբ, նրանց կարծիքը նույնպես կիսում եմ, բայց խնդրում եմ՝ նկատի ունեցեք, որ ես պարզ քահանա եմ: Ես կարող եմ կարծիք ունենալ, սակայն պատշաճ չէ եպիսկոպոսների վերաբերյալ խոսք ասելը: Մենք ամեն բան ընդունում ենք ի գիտություն, կիսում եմ սրբազանների հայտարարությունը, նրանք՝ երեքն էլ մեր հայրերն են, Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ զավակներ, բայց ինչ վերաբերում է մնացած սրբազանների մասին գնահատականներին, ապա ես զերծ կմնամ կարծիք արտահայտելուց:
– Նրանցից ի՞նչ սրբազան, պարզամիտ, բամբասկոտ դավաճաններ են, որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ չեմ խորշի այդ գնահատականները տալուց: Նրանցից մեկն էլ երեկ հարցազրույց էր տվել եւ պնդել, որ Արշակ սրբազանը տեւական ժամանակ պայքարել է Վեհափառի դեմ եւ այլն: Ինչպե՞ս կարելի է նմաններին համարել հոգեւորական, այն էլ՝ բարձրաստիճան:
– Դուք, վստահաբար, ինձ ճանաչում եք եւ գիտեք իմ կարծիքը, սակայն ես այդ գնահատականներից զերծ կմնամ եւ չեմ հատի կարմիր գծեր: Վստահ եմ՝ գիտեք, որ տեղի է ունենալու եպիսկոպոսաց ժողով: Այդ ժամանակ սրբազան հայրերը հանդես կգան հայտարարությամբ, եւ, ըստ դրա, կշարժվենք առաջ: Առայժմ համեստորեն կլռենք եւ գնահատականներ չենք տա: Սրբազանների հայտարարության մեջ էլ խոսք կար դարձի ճանապարհի մասին: Պատմությունը բոլորին կտա իր արժանի գնահատականը: Ոչ ոք չի կարողացել պատմությունից խուսափել, իսկ պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան մեր գնահատականները:
– Շատերը կարծում են, որ եպիսկոպոսներին ստիպել են, շանտաժի են ենթարկել` միանալու այդ հայտարարությանը:
– Ես կարող եմ միայն ենթադրել, սակայն հստակ ոչինչ չեմ կարող ասել, չունեմ տեղեկություններ:
– Ձեր գործունեության ընթացքում երբեւիցե տեսե՞լ էիք նման բան, որ եկեղեցում ծափահարեին, սուլեին, բղավեին եւ պաշտեին ինչ-որ մեկին, ոչ թե Հիսուս Քրիստոսին: Սա ի՞նչ երեւույթ է:
– Եկեղեցում աղմուկ-աղաղակ չի կարելի, եկեղեցում միայն Աստծուն են պաշտում: Ծափ տվողներին պետք է հարցնել, թե ինչու են նման բան անում, դա անընդունելի է: Չի կարելի նման բան անել: Անկախ այն բանից, թե ով է անձը, պետք է մտնել եկեղեցի լուռ, խոնարհ, աղոթել, հաղորդություն ստանալ եւ եկեղեցուց դուրս գալ:






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված
«88» ցանցի սուպերմարկետների համար աշխատողներ չեն գտնում