04/12/2025

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․

2021-ի սկզբին Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանին հանձնելուց հետո զիջումների ընթացքը կանգնեցնել այլեւս չհաջողվեց, մինչեւ հերթական զիջումը՝ արդեն Տավուշի մարզից: Կիրանցի հատվածում ստիպված եղան Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ կառուցել եւ ձեւացնել, թե սահմանային սպիտակ սյուներն ու Կիրանցի պատը հրաշք ձեռքբերում են` խաղաղության ամուր գրավական:

Հրապարակ թերթը գրել է․ Կիրանցի հետ կապված աղմուկը մարելու նպատակով 2023-ի այդ օրերին մեզ հավատացնում էին, թե սահմանազատումը միայն հողերի հանձնում չի նշանակում, մեր հողերից էլ կան Ադրբեջանի տնօրինության տակ, եւ շուտով այդ հողերը մեզ են հանձնելու: Սակայն Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` իր տնօրինած տարածքներից որեւէ բան հետ չի տալու, անգամ եթե աշխարհի բոլոր քարտեզներով ապացուցվի, որ դրանք հայկական հողեր են:

Արդյունքում՝ Հայաստանը միայն կորցրեց տարածքներ, չստանալով ոչինչ: Օրեր առաջ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ, որն ուղիղ կմիացնի երկու մարզերը։ Նրա խոսքով՝ Արարատն ու Գեղարքունիքը միմյանց հետ կապվում են միայն Վայոց Ձորի, Կոտայքի կամ Երեւանի միջոցով, ինչը երկարացնում է ճանապարհը եւ արգելակում տնտեսական ու զբոսաշրջային համագործակցությունը։

Նշել էր նաեւ, որ նոր ավտոճանապարհն էապես կակտիվացնի երկու մարզերի տնտեսական կյանքը, իսկ ճանապարհի ողջ ուղին ու վերջնակետերը զբոսաշրջային մեծ ներուժ ունեն։ Վստահ ենք՝ վարչապետը շատ լավ գիտի, որ 2 մարզերն իրար կապող ճանապարհ կա, եւ այն դեռ սովետական տարիներին է կառուցվել, իսկ ո՞րն է նոր ճանապարհի կառուցման նպատակը․ դա է հարցը: Սա շատ նման է նրան, որ Տիգրանաշենի հանձնման համար հող նախապատրաստելիս Փաշինյանն ասում էր․ «Արծվաշենը հետ ենք բերելու»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մարտունուց ուղիղ ճանապարհ կա դեպի Արարատի մարզ: Իսկ հիմա այդ ճանապարհը երթեւեկելի՞ է։ «Իհարկե, Սելիմի լեռնանցքով իջնում ենք, խաչմերուկ կա, ձախով գնում ենք դեպի Ջերմուկ, աջով՝ ճանապարհը տանում է դեպի Պարույր Սեւակ: Ժամանակին Մարտունին խիտ բնակեցված լինելու պատճառով շատերը տեղափոխվել են Վեդի, Արտաշատ: Իրականում բարեկամական կապը կա, այդ ճանապարհը կա, մենք հիմա այդ ճանապարհով ենք գնում-գալիս: Եթե ուզում են շրջանցիկ ճանապարհ կառուցել, դա արդեն ուրիշ հարց է: Ես մինչեւ նախագծային առաջարկը չտեսնեմ, չեմ կարող ասել` ինչ են ուզում անել, բայց մի բան փաստ է, որ սրանք ուրիշ բան ասում են, տակը ուրիշ բան կա»:

Արդյո՞ք այդ ճանապարհի կառուցումը կնշանակի հերթական զիջում մեր տարածքներից, եւ սա նաեւ նշանակո՞ւմ է, որ միջպետական ամենակարեւոր ճանապարհն է վտանգված: Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել Մարտունու ՔՊ-ական համայնքապետ Հովհաննես Հովեյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Համայնքապետի խորհրդական Հուսիկ Սիմոնյանին հարցրինք, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը։ «Երկու մարզերը կապող ճանապարհ չկա, այդ ճանապարհը եղել է 50-ական թվականներին, անձրեւային ջրերն ավելի են վնասել, չի գործում: Նախկինում եղել է, դա լեռնամիջյան ճանապարհ է, սելի ճամփա է եղել:

Ճանապարհը չի գործում, դա ապատեղեկատվություն է, ես հստակ ասում եմ: Ծրագիրն անում են կառավարությունն ու ճանապարհային դեպարտամենտը՝ պետական գումարներով:

Մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ մենք էլ չունենք: Համայնքի բյուջեից որեւէ լումա չի դրվելու այդ ծրագրի վրա: Գիտեմ, որ Ուրցաձորից այդ ճանապարհը գալիս հատվում է Սելիմի լեռնանցքին, թե քանի կմ է, նախագծային արժեքը որքան է կազմում, այդ տվյալները մենք չունենք»: Խոսքը Տիգրանաշենի ոլորանների՞ մասին է։ «Չէ, Քյարքին Արարատի մարզում է, ի՞նչ կապ ունի Մարտունու հետ, նոր ճանապարհ են կառուցում, որը 50%-ով կրճատում է ճանապարհը»:

Ի՞նչ ճանապարհ է կառուցվում, արդյո՞ք այդ ճանապարհի կառուցումը կնշանակի հերթական զիջում․ նույն հարցն ուղղեցինք Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանին։ «Դա Գեղարքունիքն ու Արարատի մարզը կապող ճանապարհ է, որի նախագիծն արդեն պատրաստ է»: Կարծիք կա, որ Փաշինյանն այս ճանապարհի կառուցմամբ նորից մի բան զիջում է, այս ճանապարհը կապ ունի՞ Տիգրանաշենի հետ։ «Ճանապարհի կառուցման հետ կապված խոսակցությունը շատ վաղուց է՝ 2019 թվականից, դա ընդհանրապես կապ չունի, ու Ձեր ասած, որ պարոն Փաշինյանը մի բան կառուցում է, ինչ-որ բան հանձնում է, դա ուղղակի ճիշտ ձեւակերպում չէ: Ճանապարհի հետ կապված այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»: Տավուշում այլընտրանքային ճանապարհ կառուցեցին՝ զիջեցին, Սյունիքում՝ նույնպես, հիմա էլ՝ սա։ «Վարչապետ Փաշինյանը ոչինչ չի հանձնել»: Իսկ ո՞վ է հանձնել։ «Դա հանձնել չի, մենք արել ենք այն ամենը, ինչը որ վերաբերում է իրական Հայաստանին»: Լավ, բայց ինչպե՞ս է ստացվում, որ իրական Հայաստանից անընդհատ ինչ-որ բան ենք զիջում, իսկ, օրինակ, որեւէ հայկական տարածք Ադրբեջանից չենք պահանջում, Ադրբեջանը չի զիջում: «Հայաստանից տարածքներ չեն զիջվել»: Տավուշում տարածք չի՞ զիջվել եւ մի հսկա «անվտանգ» պատ չի՞ կառուցվել: «Դա Ադրբեջանի տարածքն է եղել, մնացել է Ադրբեջանին, որը որ Հայաստանի տարածքն է եղել, մնացել է Հայաստանին»,- ասաց բացի իր աթոռից ամեն ինչ զիջելու հետ համաձայն փոխմարզպետը: