Մինչ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Նյու-Դելիում Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել աշխարհաքաղաքականության կարևոր նշանակության հարցեր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն Պեկինում է:
Մամուլն առանձնացրել է, որ նախագահության տարիներին նա Չինաստան է այցելում չորրորդ անգամ: Ընդ որում, այս այցը պետական է, որի մասին կարելի է կարծիք կազմել Պեկինի համալսարանի Եվրամիության և տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ցույ Հունցզյանի թափանցիկ մեկնաբանությունից, որ նա արել է չինական Global Times-ի համար:
Հունցզյանը Եվրամիության և Չինաստանի հարաբերությունների փորձաքար է համարում այն, որ եվրոպացիները Չինաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի շահերն սպասարկող: «Եթե Եվրոպան շարունակի գործել միակողմանի պատկերացման հիմքով կամ, որ ավելի վատ է, փորձի ճնշում գործադրել Չինաստանի նկատմամբ, ապա արդյունքն ավելի շուտ հակառակը կլինի»,- եզրափակել է չինացի վերլուծաբանը՝ ըստ էության բացահայտելով, թե որն է Ֆրանսիայի նախագահի Պեկին այցի բուն նպատակը, և ինչ հետևանքներ կարող են լինել, եթե նա փորձի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի նկատմամբ ճնշում գործադրել:
Ֆրանսիայի նախագահի Պեկին այցը խիստ ուշագրավ է ոչ միայն Վլադիմիր Պուտինի Հնդկաստան ուղեւորության, այլև երկու օր առաջ Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Չինաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդատվական քննարկումների համատեքստում:
Մանավանդ որ այդ ընթացքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Եվրոպայում և Ճապոնիայում «կրկին միլիտարիստական հիդրան բարձրացնում է գլուխները, բայց Ռուսաստանը և Չինաստանը դրանք հատելու փորձ ունեն»:
Եվրոպայի «միլիտարիստական հիդրայի գլուխներից» մեկը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Պեկին է մեկնել, որպեսզի, ըստ Bloomerg-ի, փորձի Չինաստանի առաջնորդին համոզել՝ «ճնշում գործադրելու Պուտինի նկատմամբ, որպեսզի դադարեցնի ուկրաինական պատերազմը»:
Որքանով հասկացվում է Պեկինից տարածված տեղեկատվությունից, Սի Ծինփինը նման պատասխանատվություն իր վրա չի վերցրել: Նա ասել է, որ Չինաստանը հույս ունի, որ ձեռք կբերվի բոլոր կողմերի համար ընդունելի և պարտավորեցնող համաձայնություն: Չինաստանի առաջնորդը միաժամանակ «վճառականորեն հանդես է գալիս ցանկացած անպատասխանատու կամ խտրական քննադատության դեմ»:
Վերջին ձեւակերպումը, երևի, պետք է այնպես հասկանալ, որ Չինաստանն Ռուսաստանին ուղղակի աջակցություն չի ցուցաբերում, վճռականապես հերքում է այդ մասին իր հասցեին հնչող «անպատասխանատու կամ խտրական քննադատությունը» և մտադիր չէ նաև աջակցել Եվրամիությանը՝ Ռուսաստանի հետ նրա դիմակայության մեջ:
Դա, իհարկե, չի խանգարի, որ Չինաստանը և Եվրամիությունը զարգացնեն առևտրա-տնտեսական կապերը, իրականացնեն ներդրումային և կոմունիկացիոն ծրագրեր: Կարելի է ենթադրել, որ նման կամ դրան շատ մոտ մի «համաձայնության» էլ Ռուսաստանը և Հնդկաստանն են գալու:
Բայց այդ «ներգրավված չեզոքությունից ո՞ւմ նժարն է ծանրանալու», առայժմ բարդ է ասել: Չինաստանը և Հնդկաստանը Ռուսաստանի էներգակիրների խոշոր գնորդ են:






Բաց մի թողեք
«Գազարի և մտրակի» մոտեցումը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում. Կարգավորման – ապակարգավորման պայքարը
Թուրքիայի և Իսրայելի ռազմական բախման վտանգ կա, Թրամփին կհաջողվի արդյոք զսպել նոր պատերազմը
Մինչ Վաշինգտոնը հակված է դեպի Մոսկվա, Գերմանիան վերազինվում է և շուտով կարող է ունենալ Եվրոպայի ամենաուժեղ բանակը