Հայ առաքելական եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իշխանության վերջին օրերի տեռորը թվում էր, թե պետք է սթափեցներ Մորփեոսի գիրկն անցած ընդդիմությանը, որ քայլեր ձեռնարկեին, փորձեին կանխել իշխանության եկեղեցաքանդ գործողությունները, սակայն ընդդիմությունը չնայած ակտիվացել է, բայց միայն ներընդդիմադիր պայքարի հարցում։
Հրապարակ թերթը գրել է․ Իմպիչմենտի թեմայով երկար ամիսներ տեւած գզվռտոցից հետո կարծես հրադադար հաստատվեց, եւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը հանդարտվեցին։
Մեզ էլ թվաց, թե իշխանությանը հեռացնելու հրամայականի շուրջ նրանք կոնսենսուսի են եկել։ Սակայն նախօրեին այդ հրադադարը խախտեց Քոչարյանի թիմակից, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելու ժամանակ իր ելույթում խոսեց կոռուպցիայի մասին։ Իսկ ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի հերթական հիշեցմանը, թե նա դավաճանել է նախկին թիմակիցներին եւ արտագաղթել Քոչարյանի ցուցակ, Աննա Գրիգորյանը որոշեց, որ ոչ այնքան պետք է ՔՊ-ականներին իրենց տեղը ցույց տա, որքան՝ քննադատի ՀՀԿ-ականներին։ Նա դիմեց ՔՊ շարքերն անցած նախկին ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանին, թե ինչպես եք ամեն անգամ լսում Ռուբինյանի նմանատիպ ելույթները, երբ դուք եւ մյուս նախկին ՀՀԿ-ականներդ եք իրականում դավաճանել եւ ընդդիմությունից իշխանական թիմ անցել։
«Կամ՝ էն մյուս օլիգարխը՝ ՀՀԿ-ական, իրա տղան հիմա ձեր մարզպետը չի՞, 2021 թվականին էդ մարդը «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետն ա եղել»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ նկատի ունենալով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին եւ նրա որդուն՝ Վայոց Ձորի մարզպետին։ Բայց սրանով էլ ընդդիմադիր պատգամավորուհին չհանգստացավ, ՔՊ-ականներին հորդորեց․ «Գնացեք գյուղերը, պտտվեք, ինչքան ՀՀԿ-ական տասովշչիկ կա, բոլորը ձեր համար են աշխատում, կարող ա՞ էդպես չի, իհարկե, էդպես ա»։
Հիշեց նաեւ ֆեյք ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին, որը հիմա ՔՊ-ի փոխնախագահն է։ Աննա Գրիգորյանի այս ելույթը, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում, մեղմ ասած, լավ չեն ընդունել։ Ելույթից հետո «հայաստանցիները» փորձել են գործընկեր խմբակցության պատգամավորներին պարզաբանումներ տալ, թե միտումնավոր չէր ՀՀԿ-ի թեման արծարծվել, ուղղակի Աննային հունից հանել են, նա էլ չի կարողացել տիրապետել ու չափը գուցե անցել է։ Սակայն երեկվա զարգացումները ցույց տվեցին, որ արդարացումները հիմնավոր չեն համարվել, եւ սկսվել է միջթիմային նոր հրաձգություն։ Երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ Հայկ Մամիջանյանը ոչ թե շրջանցեց այդ մասին իրեն ուղղված հարցը, այլ հավուր պատշաճի «աբառոտկա ֆռռաց»։ «Եթե խոսել, պետք է խոսել ամբողջական, որովհետեւ երբեմն այդ ելույթները ՀՀԿ-ի դեմ են ավելի շատ դառնում, քան թե իշխանությունների»,- ասաց նա։
«Այդ նույն ելույթում կարելի էր, օրինակ, խոսել Արտաշես Թումանյանի մասին, որ ժամանակին եղել է նախագահ Քոչարյանի խորհրդականը, կամ պարոն Գուրգեն Արսենյանի, որ հիմա դեսպան է, իսկ ժամանակին կոալիցիայի անդամ էր՝ պարոն Քոչարյանի իշխանության։ Էլ չեմ ասում, որ իրենց խմբակցությունով մի պատգամավոր է եկել խորհրդարան, որ Փաշինյանից ավելի Փաշինյան է, ես միշտ փորձում եմ Գեղամ Նազարյանին իրեն արժանի ձեւով չպատասխանել, բայց երբ իր մասին չեն խոսում ու խոսում են ինչ-որ անհասկանալի բաների մասին, իմ համար անհասկանալի է։ Դե էլ չեմ ասում, որ համայնքապետեր կան, որ ժամանակին ներկայանում էին որպես ընդդիմադիր, բայց հիմա լավ էլ հաշտ են ամեն ինչի հետ»,- ասաց նա՝ թերեւս նկատի ունենալով «Հայաստան» դաշինքի մաս կազմող սյունյաց համայնքապետերին՝ Գորիսի եւ Քաջարանի, որոնք հիմա ընդունում են իշխանության ներկայացուցիչներին եւ ՔՊ-ի հետ պրոբլեմ չունեն։ «Այնպես որ, այո, կարելի է բացահայտումներ անել, բայց իմ ու քո անելով չխոսել, էլի, որովհետեւ ստացվում է՝ նման ելույթների նպատակը ՀՀԿ-ին կսմթելն է, քան թե իշխանության այս կամ այն թերությունների մասին խոսելը։ ՀՀԿ-ում մարդիկ են, որ, 2018 թվականից սկսած, ո՛չ քրգործերից են վախեցել, ո՛չ ատելության քարոզից, շարունակել են, շարունակում են ու կշարունակեն մինչեւ հաղթական ավարտ։ Սեփական աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշի աչքի չոփից խոսել չի կարելի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։






Բաց մի թողեք
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել
Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ