Մեր երկիրը շատ փոքր երկիր է: Այնքան փոքր, որ եթե Մեղրիում մեկը մի լավ կամ վատ բան է անում, րոպեների ընթացքում լուրը հասնում է մինչև Նոյեմբերյան: Մեր երկիրն այնքան փոքր երկիր է, որ մի շաբաթում այն կարելի է խառնել-ավերել և մի շաբաթում էլ կարգի բերել:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր երկիրն այնքան փոքր է, որ ինչ որ բան փոխելու, տեղից շարժելու համար հազարներ պետք չեն, մեզանում մի հոգին էլ գործոն է և կարող է եղանակ փոխել: Մեկ հոգու պայքարն էլ կարող է արդյունք տալ, հույս ներշնչել ու ճանապարհ ցույց տալ:
Թյուր կարծիք կա, թե պետք է հարյուր հազարների հանել փողոց, օրերով հանրահավաքներ ու երթեր անել, վրաններ խփել, ձմռանը` սառել, ամռանը` շոգից տառապել, որ երկրում իրավիճակ փոխվի: Իրականում հիմա անհատների` խիզախ ու խելացի մարդկանց գործելու ժամանակն է: Մի հայտնի մտավորական, մի խիզախ երիտասարդ, մի համարձակ հոգևորական կարող են նոր վերելքի, նոր շարժման մեկնարկ տալ և իշխանափոխության տանել երկիրը:
Իսկ պատկերացնու՞մ եք` ինչքան արագ կուղղվեր ամեն ինչ, եթե, ասենք, գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը մի օր հոգներ հնազանդ աշակերտուհու իր դերից ու որոշեր, որ ինքը բացառապես օրենքին է ծառայելու և հրաժարվեր անօրինական հրահանգներ կատարելուց: Եթե ԱԱԾ տնօրենը որոշեր, որ այլևս ապօրինի հետապնդումներ չի իրականացնելու և իր ղեկավարած կառույցն այլևս քաղաքական պայքարի գործիք չի լինելու:
Եթե ՆԳ նախարարը հայտարարեր, որ ոստիկանության առաքելությունը հանրային կարգուկանոնը պաշտպանելն է, ոչ թե ապօրինի պատարագներ կազմակերպելը և մի անձի պահպանելը: Եթե կալանք տվող դատավորներից մեկը պատմեր իր նկատմամբ գործադրվող ճնշումների մասին և հրաժարվեր հերթական հոգևորականին կամ ընդդիմադիրին կալանավորելուց…
Եթե առաջնային մանդատով ձեւավորված օրենսդիր մարմնի պատգամավորները գիտակցեին, որ իրենք վարչապետի ենթակաները չեն եւ ոչ թե իրենք պետք է ենթարկվեն նրա անհեթեթ հրահանգներին, այլ նա պետք է հաշվետու լինի իրենց առաջ:
Աշխարհը բազում նման դեպքեր գիտի, երբ անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը … իրենց պետությանն ու ժողովրդին անգնահատելի ծառայություն են մատուցել… կգտնվե՞ն հայերի մեջ նման մարդիկ…






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում
ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը