31/01/2026

Ռուսաստանի նախագահի համար «քրդական ինքնավարության հանձնումը» լուրջ խնդիր չէ

Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգման ձեր ջանքերին: Եվ կուզենայի ձեզ շնորհավորել, որ այդ գործընթացը թափ է առնում:

Մենք մշտապես հանդես ենք եկել հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնաման, դուք դա գիտեք: Եվ մենք այդ ուղղությամբ ձեր ջանքերին աջակցում ենք: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ներածական այս խոսով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմադ ալ-Շարաային:

Դիտարժան է, որ ալ-Շարաային Մոսկվա այցի նախօրեին Ռուսաստանը սիրիական Ղամիշլից դուրս է բերել իր ռազմական ուժերը: Արաբական աղբյուրները հայտնել են, որ դա տեղի է ունեցել այնքան արագ, որ ռազմակայանի հրամանատարությունը «մոռացել է իր հետ տանել Ռուսաստանի պետական դրոշը»:

Տեղում գրեթե անխաթար մնացել են նաև զինվորականների հանգստի համար նախատեսված մարզասրահը, «նույնիսկ թենիսի խաղասեղանը»: Ամենայն հավանականությամբ, այդ շտապողականությունը պայմանավորված է եղել ալ-Շարայի մոսկովյան այցի «քաղաքական նախապատրաստությամ»:

Սիրիայի անցումային կառավարության ղեկավարը Պուտինի հետ հանդիպման առաջին իսկ րոպեներին լսել է ամենակարևորը: Ռուսաստանը «քրդական ինքնավարության» քաղաքական և ռազմական հովանավորը չէ, աջակցում է անդրեփրատյան տարածքների՝ սիրիական ընդհանուր պետության տարածքում ներգրավմանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել, որով քրդաբնակ տարածքների և Թուրքիայի հետ սահմանն անցնում է կառավարական ուժերի վերահսկողությանը, տեղաշրջանի նավթահանքերն այսուհետև ենթարկվելու են Դամասկոսի կառավարմանը:

Միակ զիջումը, որ արվել է քրդերին, այն է, որ նրանց հաստատած համայնքային ինքնակառավարման մարմինները չեն լուծարվում, բայց դրանք պետք է գործեն «նոր Սիրիայի օրենսդրության շրջանակներում»:

Իրազեկ աղբյուրները համոզված են, որ Պուտին-ալ-Շարաա բանակցություններում առանցքային է Տարտուս և Հմեյմիմ ռազմակայանների և Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա ճակատագրի հարցը:

Ըստ վստահության արժանի տեղեկությունների, ալ-Շարաան «դեմ չէ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը, բայց առաջարկում է վերաֆորմատավորում իրականացնել»:

Միաժամանակ նա «արդեն երկրորդ անգամ Պուտինի առջև կբարձրացնի Ասադին սիրիական արդարադատությունը հանձնելու և երկրից դուրս բերված հարստությունները վերադարձնելու» հարցերը:

Կարելի է ենթադրել, որ Սիրիայի անցումային կառավարության ղեկավարը Տարտուս և Հմեյմիմ ռազմակայանների պահպանումը պայմանավորում է Ասադի «արտահանձման» և նրա կողմից ՌԴ տեղափոխած գումարները վերադարձնելու հետ:

Ռուսաստանի նախագահի համար «քրդական ինքնավարության հանձնումը» լուրջ խնդիր չէ: Քրդերի հետ նույն կերպ են վարվել Միացյալ Նահանգները, Իսրայելը, եվրոպական մի քանի երկրներ:

Այդ դիրքորոշումն ունի հիմնավոր պատճառաբանություն՝ հարգվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի քան տասնամյա վաղեմության բանաձևը, որը Սիրիան ճանաչում է միասնական-ունիտար պետություն:

Այլ է նախկին նախագահ Ասադի «արտահանձնման» պահանջը: Նա Մոսկվայում է գտնվում 2024-ի տարեվերջից և, բնականաբար, Ռուսաստանի նախագահից ստացել է անվտանգության և անձեռնմխելիության երաշխիքներ: Ասադին հանձնել Սիրիայի նոր իշխանություններին, նշանակում է ստորագրել նրա մահվան դատավճիռը:

Դա այն է, ինչ ալ-Շարաան խոստացել է: Դժվար է պատկերացնել, որ Պուտինը կկատարի այդ «խնդրանքը»: Բայց «կշեռքի մյուս նժարին դրված է» Մերձավոր Արևելքում կարեւորագույն հենակետը պահպանելու ռազմավարական անհրաժեշտությունը: