11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ալիևը Փաշինյանին նոր «նախապայման» կհնչեցնի՞

Եթե Հայաստանը նոր Սահմանադրությամբ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունն ամրագրելու» պարտավորություն ստանձնի, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս:

Այդ մասին Միլլի մեջլիսի փետրվարի 2-ի լիագումար նիստում հայտարարել է Գուդրաթ Հասանգուլիևը: Նա, հիմնավորելով, որ այդ հարցը պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, առաջարկել է այն ներառնել Միլլի մեջլիսի գարնանային նստաշրջանի օրակարգում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ուղղակի հովանավորությամբ գործող «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Շահինօղլուն տեսակետ է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրման համար «Վաշինգտոնը պլան Բ ունի» և մեկնաբանել, որ կողմերը կարող են Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «պայմանագիրն ստորագրել, բայց վերապահում անել, որ այն կվավերացվի Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո»:

Գուդրաթ Հասանգուլիև, փաստացի, հրապարակայնացրել է, որ «նման քննարկումներ կան»: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ Ալիևը «խաղաղսիրական լուրջ քայլ է անում»:

Բայց «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունը» նոր Սահմանդրությամբ «ամրագրելու Հայաստանի պարտավորության ստանձնման նախապայմանը» հակառակն է վկայում:

Ալիևը քաջ հասկանում է, որ նման իրավական մեխանիզմ գոյություն չունի, Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով, և վերջին խոսքի իրավունքը պատկանում է Հայաստանի քաղաքացուն:

Վարչապետ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը կանխորոշելու լիազորություն չունի: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզչության մեկնարկը տրված է, իսկ Սահմանադրություն փոխել-չփոխելու հարցը քննարկվում է վաղուց:

Նման իրավիճակում Միլլի մեջլիսի պատգամավորին հանձնարարել, որ նոր «նախապայման» հնչեցնի, միայն մի բան է նշանակում, Ալիևը շահագրգռված չէ Հայաստանի ներքաղաքական կայունությամբ և, հատկապես, վարչապետ Փաշինյանի նախընտրական արդյունավետ քարոզչությամբ: Հակառակ դեպքում նա սահմանադրական փոփոխությունների չափազանց զգայուն հարցին չէր անդրադառնա:

Այդ «ուղերձն», իհարկե, հասցեագրված է նաև Վաշինգտոնին: Ալիևը, հավանաբար, հույս ունի, որ «վճռական» Թրամփը, հանուն հայ-ադրբեջանական կարգավորումը վերջնականապես ֆորմալացնելու նպատակի իրագործման, Հայաստանի վարչապետի նկատմամբ «ճնշում կգործադրի», և Փաշինյանը կհայտնվի «երկու կրակի արանքում», Վաշինգտոնի «պահանջին» կգումարվի ընդդիմության «ցասումը»:

Այդ իրավիճակում հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը չկանխատեսված ժամկետով կհետաձգվի:

Միջազգային հարաբերություններում ամեն օր «ինչ-որ բան է փոխվում»: Այդ «բաբելոնյան խառնակության» կիզակենտրոնն այսօր Իրանն է, որ ցամաքային սահման ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ:

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղը Թեհրանում ի՞նչ իշխանություն է լինելու կամ, ընդհակառակը, հակամարտությունից «որքա՞ն ուժեղ դուրս կգա» իրանական կրոնապետությունը:

Չկա երաշխիք, որ Իրանը «Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և Լիբանանի չի վերածվի», հակամարտությունը «տարիներով չի երկարաձգվի»:

Մերձավոր Արևելք-Պարսից ծոց-Իրան ընդգրկմամբ ֆորս մաժորն, անշուշտ, սպառնալիք է նաև Ադրբեջանի համար, բայց չէ՞ որ ամեն ճգնաժամ նաև հնարավորություն է: Մանավանդ որ Ադրբեջանը և Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ունի, և Իսրայելի անթաքույց համակրանքը, իսկ Չինաստանի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ հարաբերություններն անհամեմատ ավելին արժեն, քան այդ երկրների և Հայաստանի նոր «ծլարձակող» կապերը:

Չխոսած Ռուսաստանի մասին, որ Հարավային Կովկաս ասելիս առաջին հերթին հասկանում է Ադրբեջան: