11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի Իրանի հարցում պարզության դեպքում

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան խորհրդարանի փետրվարի 2-ի լիագումար նիստում Իրանի շուրջ իրադարձությունները որակել է «չափազանց լուրջ» և զգուշացրել, որ դրանք կարող են ազդել իր երկրի «ազգային անվտանգությանը»:

Բարձր գնահատելով Ադրբեջանի պատկան մարմինների և հատուկ ծառայությունների տեղեկացվածությունը, նա ասել է, որ իշխանությունները պետք է հանրությանը բաց ասեն, թե «ինչ պիտի մարդիկ անեն փախստականների հոսքի և հումանիտար բարդությունների դեպքում»:

Իրանի շուրջ հավանական զարգացումներից ի՞նչ «բարձր տեղեկացվածություն» ունեն Ադրբեջանի պետական մարմինները և, մանավանդ, հատուկ ծառայությունները, կարելի է ենթադրել խորհրդարանում հարցին անդրադառնալու և պատգամավոր Մուստաֆայի հայտարարության իրողությունից:

Ադրբեջանի Միլլի մեջլիսում պատահական խոսք չի հնչում, ուստի կարելի է ասել, որ Բաքվում նախապատրաստվում են ֆորս-մաժորի:

Իսրայելական աղբյուրները, հղելով Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել են, որ իրանական կողմի հետ «ոչ ուղղակի փուլերում նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ վերջնագիր է ներկայացրել»:

Ըստ այդմ, նա Իրանի ղեկավարությանը ներկայացրել է հետևյալ պահանջները՝ հարստացված ուրանի ամբողջ պաշարի հանձնում, միջուկային ռազմական ծրագրի ապամոնտաժում, բալիստիկ հրթիռների ոչնչացում և Իրաքում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում պրոքսի կառույցներին աջակցության լիակատար դադարեցում:

Երուսաղեմում համոզված են, որ Իրանը ներկայացված պահանջներից «ոչ մեկը քննարկելու մտադրություն չունի և ամերիկացիների հետ շփումներով միայն ժամանակ է շահում»: Ըստ երևույթին, այդ գնահատականը բավական մոտ է իրականությանը:

Israel Inside-ը գրել է, որ Թեհրանում այաթոլլա Խամենիի համար «80-100 մետր խորության 19 ապաստան է կառուցված»: Նույն աղբյուրը հեյտնել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի միջուկային «բոլոր օբյեկտները հաստ շերտով խճապատվել են», իսկ Չինաստանից և Ռուսաստանից «տասնյակ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Թեհրանի օդանավակայանում»:

Ստեղծվել է իրավիճակ, երբ ԱՄՆ նախագահը մեծ ընտրություն չունի: Նա կամ պետք է «սեղմի ձգանը», կամ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի սպառնալիքի դեմ տեղի տա: Բաքվում, երևում է, հակված են հավանական ընդունել առաջին տարբերակը:

Դիտարժան է, որ անցյալ տարվա հունիսին, երբ Իսրայելը և ԱՄՆ-ը տասներկու օր հարվածներ էին հասցրել Իրանին, Ադրբեջանը ոչ մի իրանցու չի ապաստանել, անգամ կասեցրել է Իրանի հետ բեռնափոխադրումները:

Այսօր պաշտոնական Բաքուն փաստացի հանրությանը նախապատրաստում է իրանցի փախստականների հոսքին և հումանիտար ճգնաժամի:

Երկու օր առաջ Ադրբեջանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Տպավորություն է, որ այն նախաձեռնել է Իլհամ Ալիևը: Կողմերը, երևում է, քննարկել են ֆորս-մաժորի դեպքում Ադրբեջանի կողմից իրանցիներին ապաստան տալու հնարավորությունը: Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքագետ Ռզակուլիևը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի Իրանի հարցում պարզության դեպքում:

Եթե մոտակա օրերին Իսրայելը «գորդյան հանգույցը կտրելու» որոշում կայացնի և հարվածի Իրանին, ապա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ փոխնախագահ Հայաստան և Ադրբեջան այցը կհետաձգի:

Բացառված չէ, որ Բաքվից Վաշինգտոնին նման առաջարկություն արդեն իսկ արվել է կամ կարվի: Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի հայտարարությունը, թերևս, դիվանագիտական նախաձեռնության համար տեղեկատվական ֆոն է: