11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Լավրովը Թուրքիային և Ադրբեջանին անվանել է գաղափարի «առաջին պիոներներ»

Հայաստանը բանակի կազմավորման հերթական տարեդարձը նշելուց շուրջ մեկ շաբաթ անց Բաքվի իշխանական minval politika – ն անդրադարձել է այդ առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին և առանձնացրել նրա այն միտքը, որ Հայաստանը ուժեղացնելու է բանակը, քանի որ ուժեղ բանակ չունեցող երկիրը «խոցելի է և կարող դառնալ ագրեսիայի գայթակղության օբյեկտ»:

Ադրբեջանական լրատվամիջոցը գնահատել է, որ Փաշինյանը «միացրել է ռևանշի ռեժիմը», քանի որ, ինչպես հեղինակն է ձևակերպել, եթե «խաղաղություն է, ապա Հայաստանն ինչո՞ւ է սպառազինությունների միջազգային շուկայում հարձակողական զենքեր գնում» և ամփոփել. «Այնպես որ հարցը, թե որքանո՞վ է այսօրվա Հայաստանը հետևում խաղաղության օրակարգին, արժե հնչեցնել»:

Հեղինակն, ընդսմին, Հայաստանի վարչապետին վերագրում է անում, որ «Պրահայի (2022թ. հոկտեմբերի 6-ի) խախտված համաձայնությունը հիշել է, իսկ Վաշինգտոնում (անցյալ տարվա օգոստոսի 8-ին) ձեռք բերված պայմանավորվածություններն՝ արդեն ոչ»:

Կարելի է ենթադրել, որ Բաքվի իշխանական լրատվամիջոցի այդ պահի բուն ասելիքը դա է: Սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցը, և ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, վաշինգտոնյան նախնական պայմանավորվածությունների հնարավոր ձախողման կամ առնվազն ոչ ամբողջական ծավալով ինստիտուցիոնալացման համար պատասխանատվությունը նախապես հասցեագրում է Երևանին:

Ավելի վաղ նկատել ենք, որ Ադրբեջանում ԱՄՆ նախագահի այցով, շատ մեղմ ասած, ոգեւորված չեն, և Ալիևը շատ կցանկանար, որ այն չկայանա: Minval politika-ն, իհարկե, այդ մասին նույնիսկ ակնարկ չի անում, բայց ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի բացահայտ անտեսումն արդեն իսկ չափազանց ուշագրավ է:

Դավոսում Իլհամ Ալիևը պարզորոշ հայտարարել է, որ «պատերազմի էջը փակված է»: Հայաստանի կողմից «հարձակողական սպառազինությունների» թեման այդպիսով նրա համար ակտուալ չէ: Այլապես Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատված խաղաղության կենսունակության որևէ «նախապայման» կհնչեցներ:

Տպավորություն է, որ Բաքվի համար չափազանց կարևոր է մի հանգամանք. «Թրամփի ուղու» գործնականացման մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը դա պայմանավորել է առնվազն երթուղու կառուցման հատվածներում հայ-ադրբեջանական սահմանազատմամբ:

Անդրադառնալով 2022թ. սեպտեմբերյան «լոկալ բախումներին», ադրբեջանական լրատվամիջոցն ընդհանրացրել է, որ «արդյունքում Ադրբեջանը հաստատել է իր օրինական սահմանները»:

Հեղինակը բացահայտ միտումնավորությամբ չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի հավաստիացմանը, որ սահմանազտման ընթացքում ադրբեջանական զինուժը կհեռանա Հայաստանի սուվերեն տարածքից:

Այսպիսով, ադրբեջանական լրատվամիջոցը բավական թափանցիկ հանրայնացրել է պաշտոնական Բաքվի մոտեցումը. Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանը հաստատված է»: ԱՄՆ փոխնախագահ Վենսն, իհարկե, Երևանում և Բաքվում սահմազատման հարցեր չի քննարկելու, Ալիևը դա գերազանց գիտի:

Բայց ի՞նչն է նրան «մթնոլորտ աղտոտելուն» դրդում: Ավելի քան երկու շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան հայտարարության մասին, ակնարկել է, որ Հայաստանը «պետք է կատարի վաշինգտոնյան համաձայնություններով ստանձնած պարտավորությունները»:

Հունվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը գործուղվել է Պեկին: Այդ այցի վերաբերյալ որևէ տեղեկություն կողմերը չեն տարածել: Ադրբեջանի ԱԳՆ-ն սոցիալական X միայն գրել է, որ նա Չինաստանի արտգործանախարարի կողմից «արժանացել է ջերմ ընդունելության»:

Խիստ ուշագրավ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Turkiye պարբերականին հարցազրույցում կրկին անդրադարձել է Հարավային Կովկասում «կայունության և համագործակցության 3+3 ձևաչափին»:

Նա, ընդսմին, Թուրքիային և Ադրբեջանին անվանել է այդ գաղափարի «առաջին պիոներներ»: Պետք է, երևի, եզրակացնել, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Բաքվում շատ բարդ բանակցություններ են սպասում: