11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան, հայտնում է Associated Press գործակալությունը։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։

«Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնելու համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- գրել է AP-ն:

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը իտալական Միլան քաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-ին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»,- Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահը:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան տեղի կունենա փետրվարի 9-ին: