11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Բաքվի դատավճիռը, իսկ հայկական կողմից որևէ գործնական քայլ չի արվում

Ինչպես և սպասվում էր, Բաքվի զինվորական գործերով դատարանը ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին «դատապարտել է» ցմահ ազատազրկման:

Նույն պատիժ է սահմանվել նաև ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի նկատմամբ: Ադրբեջանում «արդարադատությունն» առհասարակ կախված է մեկ անձից՝ Իլհամ Ալիևից: ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարության» պարագայում, անկասկած, թե «մեղադրանքը», թե «դատավճիռը» հեղինակվում է նրա աշխատակազմում: Ակնհայտ է, որ «դատավճռի» հրապարակման ժամկետը նույնպես Ալիևն է ընտրել:

Ուշագրավ է իրավիճակի կոնտեքստը: Այսպես, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում հրապարակայնացրել է, որ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցը բոլոր մակարդակի շփումներում բարձրացվում է:

Ենթադրվում է, որ Երևանը այդ նուրբ թեման նման մակարդակով չէր արծարծի, եթե տասնինը անձի հայրենադարձության հավանականություն չտեսներ: Հետևել է ներհայաստանյան նախաձեռնություն, որ ԱՄՆ փոխնախագահի Երևան այցի ժամանակ նրան «պետք է հայ ռազմագերիների վերադարձի հանրային պահանջ ներկայացվի»:

Որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ արվում է, թե ոչ, պարզ չէ:

Փոխարենը տեղեկատվական տիրույթում տարածվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի սոցցանցային գրառումը, որով նա հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Սենատը «հայ գերիների վերադարձի» հայտարարություն է ընդունել:

Հաջորդիվ արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մամուլի ծառայությունը և հայտնել, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցով Արամ Ա.-ի դիմում ն «արդեն գտնվում է ԱՄՆ փոխնախագահի գրասեղանին»:

Բացառված չէ, որ ԱՄՆ փոխնախագահը Բաքու այցի և Ալիևի հետ բանակցությունների ընթացքում անդրադառնա նաև ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին: Դա միանգամայն բնական եւ օրինաչափ է, եթե կողմերը հաստատակամ են խաղաղության հաստատման նպատակադրվածության մեջ և, մանավանդ, խաղաղության նախաստորագրված պայմանագրով հրաժարվում են միմյանց նկատմամբ միջազգային դատական հայցերից, ապա ԼՂՀ նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկումը կորցնում է Ադրբեջանի համար կրիտիկական կարևորությունը:

«Դատավարությունը» մի նպատակ է հետապնդել՝ միջազգայնացնել, որ «Ադրբեջանը Հայաստանի կողմից ենթարկվել է զինված ագրեսիայի, քառասունչորսօրյա նոր պատերազմ է հրահրել և պատժվել»:

Հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը Հայաստանին այդ առումով նույնիսկ տարընթերցման տեղ թողնող հասցեագրում չի անում: Չխոսած այն մասին, որ «ալիևյան Նյուրնբերգը» միջազգային ոչ մի աջակցություն, անգամ ընկալում չունի:

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի առկա խաղաղությունը վերջնական ինստիտուցիոնալ հաստատում ստանալուց հետո ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատազրկումը Ալիևի համար միայն շատ բարդ խնդիր է լինելու:

Փետրվարի 5-ին հրապարակված «դատավճիռը» ներքաղաքական նշանակություն ունի, եթե, իհարկե, հայ-ադրբեջանական կարգավորումը «մտել է անշեղ առաջընթացի հուն»: