11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Բաքվի դատարաններն այլ նպատակ են հետապնդում․ Սիրանուշ Սահակյան

Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավարությունը» մոտենում է ավարտին՝ արդեն ընթերցվում են հայ գերիների «դատավճիռները»։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ Արցախի ՊԲ հրամանատրի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ցմահ ազատազրկման են դատապարտվել, իսկ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հանդեպ Բաքվի «հումանիստական» դատարանը 20 տարվա ազատազրկում է սահմանել՝ հաշվի առնելով նրանց տարիքը։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

– Նախորդ ամիս 4 հայ ռազմագերի հայրենադարձվեց, սակայն այսօր Բաքվի դատարանը նման դատավճիռներ է հրապարակել Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների նկատմամբ: Նրանք՝ գրեթե բոլորը, դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ բացառությամբ երկուսի, որոնք էլ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով, օրինակ, Վագիֆ Խաչատրյանի նախադեպը, կարո՞ղ ենք հույս ունենալ, որ մյուս ռազմագերիներն էլ, անկախ այդ կեղծ դատավճիռներից, մի օր կվերադառնան հայրենիք:

– Դատավճիռները լրիվ այլ խնդիրներ են լուծում, եւ այդ շինծու դատավարությունների նպատակը լրիվ այլ է: Դատավճիռները գործնականում արգելք չեն եղել` հայրենադարձման համար, երբ հայրենադարձման որոշումը հասունացել է տարբեր գործողությունների արդյունքում, Ադրբեջանը գերիներին ազատ է արձակել, անկախ այն բանից, թե ով որքան է ազատազրկվել Բաքվի դատարանում: Այսինքն` դատավճիռները որպես վահան չեն օգտագործում` հայրենադարձումը կանխելու նպատակով: Այո, մենք ունենք ակնառու օրինակներ` Վագիֆ Խաչատրյան, Վիգեն Էուլջեքջյան եւ այլն: Նախորդ ամսվա հայրենադարձված չորս ռազմագերիներն էլ Բաքվում երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվել, սակայն պատիժն ամբողջապես չեն կրել: Եթե իրավական գործոնն այդտեղ կարեւոր լիներ, Ադրբեջանն առնվազն պետք է նախաձեռներ պատժի կրման նպատակներով պատիժը ՀՀ-ում շարունակելու պրոցես եւ պետք է լիներ հետեւողական, որ այդ անձինք Հայաստանում պատիժ կրեին: Բայց մենք տեսանք, որ իրավական գործընթաց չկա, եղել է պայմանավորվածություն, եւ դրա արդյունքում անձինք վերադարձվել են Հայաստան ու հայտնվել ազատության մեջ: Սա հավելյալ վկայություն է, որ գերիների հարցը քաղաքական է, իսկ դատավարությունները չունեն իրավական հիմքեր, դատավարությունների նպատակներից մեկը քաղաքական վրեժխնդրությունն է, որպեսզի հետագայում կիրառվի արտաքին հարաբերություններում` ինքնորոշման իրավունքը մերժելու նպատակով: Մյուս խնդիրը հայատյացություն գեներացնելն է, ինչն անթույլատրելի է եւ խաղաղության գործընթացին հակառակ է: Այս պատճառով մենք կարծում ենք, որ շինծու դատավարությունները համահունչ չեն խաղաղության գործընթացին, եւ ադրբեջանական կողմն օր առաջ պետք է ազատ արձակի բոլոր հայերին:

– Երեկ խաղաղության մրցանակ ստացան Ալիեւն ու Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում` չկա՞ այստեղ հակասություն:

– Մրցանակները միջազգային համագործակցության համատեքստում են, մրցանակ տվողները հատուկ իրավական արժեքներ գնահատող, մարդու իրավունքները կարեւորող եւ քննարկող ատյաններ չեն, եւ այս ամենը պետք է տեսնել խորհրդանշական տեսանկյունից, այն կարող է ունենալ խրախուսող նշանակություն, ոչ միայն ամփոփեն խաղաղության ջանքերը, այլեւ` խրախուսեն, որպեսզի խաղաղության առաջընթաց արձանագրվի: Իմ գնահատմամբ` ապագայի տրամաբանությամբ պետք է քննարկենք եւ դիտարկենք մրցանակները: Դրանք խրախուսող են, դրանք օրինականացնում են եւ վերահաստատում այն կարեւոր քայլերը, որոնք ուղղվել են դեպի խաղաղություն, իսկ մրցանակներով խրախուսում են, որպեսզի ավելի կայուն եւ հաստատակամ քայլերով կողմերը մոտենան իրական խաղաղությանը, ինչու չէ՝ այստեղ կա նաեւ ֆորմալ նշանակություն, ինչը կապ չունի իրավական գործընթացների հետ:

– Ի՞նչ եք կարծում` առաջիկայում հնարավո՞ր է ռազմագերիների գոնե մի մասին հայրենադարձել: Ամիսներ անց խորհրդարանական ընտրություններ են, գուցե սա՞ որեւէ ազդեցություն ունենա պրոցեսների վրա:

– Չենք բացառում հայրենադարձում ցանկացած պահի, քանի որ դրանք կապված են քաղաքական պայմանավորվածությունների եւ բանակցային պրոցեսների հետ: Ինչպես գիտենք` պլանավորված է նաեւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի այց: Ամերիկյան կողմը հատուկ հանձնառություն ունի, եւ ջանքերի ինտենսիվության արդյունքում կարող են հստակ արդյունքներ արձանագրել: Մենք նաեւ տեսնում ենք, որ տարբեր այլ երկրներից նույնպես Ադրբեջանին կոչեր են ուղղվում` գերիների ազատ արձակման վերաբերյալ, օրինակ` Ֆրանսիան նման կոչերով է հանդես գալիս: Ցանկացած պահի կարող են հայրենադարձումներ լինել, պրոցեսն անկանխատեսելի է, եւ կոնկրետ ժամկետներ ասելը դժվար է: Անգամ տեսանելի ժամկետներում դրանք կարող են ենթարկվել փոփոխության, քանի որ հարաբերությունները դինամիկ են, սակայն առաջիկայում չեմ բացառում, որ կլինեն հայրենադարձումներ: