18/02/2026

Մարությանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ

Marutyan Hayk AA

2026-ը բուռն ընտրական տարի է խոստանում: Հունիսի 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետեւ աշնանը տեղի են ունենալու ամենաշատ ՏԻՄ ընտրությունները: 70 համայնքից 46-ում ունենալու ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսինքն՝ համայնքների 65 տոկոսում տեղի են ունենալու ընտրություններ:

Ընդդիմադիր դաշտում դեռ խմորումներ են: Քննարկում են կոալիցիաներ կազմելու, միավորումների հարցը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու, եւ ձայն փոշիացնող կուսակցություններին դա չի ներվելու: Արդեն հստակեցումներ կան, օրինակ՝ ԲՀԿ-ն եւ «Մայր Հայաստանն» արդեն հայտարարել են, որ ընտրություններին մասնակցելու են միասին: ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանի թիմն են միասին հանդես գալու:

Մեզ տեղեկություններ հասան, որ Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որը «Նոր ուժ» անվանումով կուսակցություն է հիմնել, հնարավոր է չմասնակցի առաջիկա պառլամենտական ընտրություններին, քանի որ բանակցությունները արդյունք չեն տալիս: Հայկ Մարությանի կնոջը` Իվային, հարցրինք` Ձեր ամուսինը` Հայկը, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Նա ասաց. «Շատ շնորհակալ եմ հարցի համար, բայց դա ինձ ընդհանրապես չի վերաբերում: Ես նման հարցերում չկամ, իրեն պետք է հարցնեք»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ինչ կարծիք ունի առաջիկա ընտրություններին իր ամուսնու ներգրավվածության մասին։ «Չէ, չէ…. Բայց, ամեն դեպքում, իմ անձնական կարծիքը որեւէ մեկին չի էլ հետաքրքրում: Շատ շնորհակալ եմ հարցերի համար, բայց էլ չեմ կարող խոսել»:

Հրապարակ թերթը զրուցել է նաեւ «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի հետ: Երիցյանին հարցրել` Մարությանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ:

– Հենց այս պահին ակտիվ մեր ծրագրի վրա ենք աշխատում, որպեսզի այն վերջնականացնենք, որոշել ենք անգամ համագումարի օրը, այնպես որ, մենք մասնակցելու ենք ընտրություններին:

– Ե՞րբ է նախատեսված կուսակցության համագումարը:

– Մարտի կեսերին: Դրանից հետո էլ իրականացնելու ենք բաց համաժողով:

– Գաղտնիք չէ, որ նորաստեղծ կուսակցությունները, ուժերը, անգամ հին ու կայացած կուսակցություններն ու ուժերը այս ընտրություններին պատրաստվում են դաշինքներով մասնակցել, համախմբվել, որովհետեւ քաջ գիտակցում են, որ եթե անցողիկ շեմը չհաղթահարեն, ապա ձայների փոշիացմամբ կզբաղվեն, ինչը միմիայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու: Ի՞նչ կասեք այս առումով: Ո՞ւմ հետ եք պատկերացնում ձեր համագործակցությունը:

– Անկեղծ ասած, մենք նման քննարկումներ չունենք` դաշինքներ կազմելու մասով, իհարկե՝ որոշակի քննարկումներ եղել են որոշ ուժերի հետ, որոնց գաղափարապես մեզ մոտ ենք համարում, սակայն մեր նպատակն առանձին մասնակցելն է: Քննարկումներ եղել են առաջներում, սակայն դեռեւս որեւիցե հստակեցում չկա: Մենք մեզ դիրքավորում ենք որպես նոր ուժ, որը ոչ մի քաղաքական կապվածություն չունի նախկին եւ ներկա իշխանությունների հետ: Եթե համագործակցություն, ապա միայն նոր ուժերի հետ, որոնք գաղափարապես մեզ ավելի մոտ են:

– Ո՞ր ուժերն են գաղափարապես ձեզ ավելի մոտ:

– Անուններ չտամ, սակայն կան մի քանիսը, որոնք բավականին առաջադեմ ծրագրեր են ներկայացնում եւ ոչ մի կապ չունեն նախկին ու ներկա իշխանությունների հետ, այս իմաստով մենք կիսում ենք որոշակի օրակարգեր: Նրանցից շատերն անգամ չեն եղել քաղաքականության մեջ, կարող եք ենթադրել….

– Օրինակ` «Նժարը»:

– Այո, օրինակ՝ «Նժարը»: Նրանց գաղափարները բավականին հետաքրքիր են, սակայն դաշինքի մասով որեւէ քննարկում դեռեւս չկա: Պարզապես մոտ ենք գաղափարապես:

– Իսկ եթե դաշինք չկազմեք, կարծում եք` կհաղթահարե՞ք անցողիկ շեմը եւ ձայներ չե՞ք փոշիացնի:

– Ցավոք, հայաստանյան ընտրական համակարգն այդ առումով բավականին անարդար է, եւ շատերի քվեն տեղ չի հասնում, մենք հետագայում առաջարկելու ենք, որ ընտրական անցողիկ շեմն իջեցնեն, եւ «փոշիացում» ասվածը չլինի հօգուտ իշխանությունների: Ես կարծում եմ, որ առնվազն մի քանի հայտնի դաշինքներ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, եւ նրանք են լինելու ձայներ փոշիացնողը:

– Բայց օրենքում փոփոխություններ անելու համար ժամանակ չկա:

– Այո, այժմ չկա, սակայն ապագայում, եթե կարողանանք մտնել պառլամենտ, մեր տեսլականներից մեկը հենց անցողիկ շեմի իջեցումն է, մինչեւ մեկ տոկոս: