Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցով գտնվել է Հնդկաստանում: Կայացել է նրա և վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը, որի քաղաքական արդյունքը չափազանց կարևոր է, կողմերը պաշտոնապես հայտարարել են միջպետական հարաբերությունները «առանձնահատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու» մասին:
Ըստ տեղեկությունների, Մոդին և Մակրոնը ստորագրել են պաշտպանության, ինովացիայի, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և կլիմայի ոլորտներում համագործակցության մասին համաձայնությունների «ներշնչող փաթեթ»:
Բանակցությունների ավարտին Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի վարչապետին լրատվամիջոցների ներկայությամբ հորդորել է ծանրակշիռ ներդրում ունենալ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ջանքերում:
Մակրոնը խոստովանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը դեռևս հեռու է, բայց հնարավոր է հասնել նրան, որպեսզի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և խաղաղ բնակավայրերը չենթարկվեն ԱԹՍ-երի հարձակման և հրթիռակոծման:
Հնդկաստանի վարչապետը հավաստիացրել է, որ «լինի Եվրոպայում, Ասիայում, թե Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում»՝ իր երկիրը կողմ է, որ հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Ավելի վաղ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրություն է հայտնել, ինչից Ռուսաստանի նախագահը խուսափել է: Պուտինը գտնում է, որ Ուկրաինայի հարցում Եվրամիությունը «դերակատար» չէ, իսկ եվրոպական երկրների «միջամտությունը միայն երկարաձգում է հակամարտությունը»:
Մակրոն-Մոդի հրապարակային ելույթներից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի վարչապետին «խնդրել է իր և Պուտինի միջև երկխոսության միջնորդ լինել»:
Ի տարբերություն Չինաստանի, Հնդկաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին որևէ աջակցություն չի ցուցաբերում, բայց և անցած չորս տարիներին կտրուկ չի հակադրվել: Մոդի-Մակրոն հանդիպման նախօրեին հայտնի է դարձել, որ Հնդկաստանը ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել է ռուսաստանյան նավթի գնումներից:
Այս իրավիճակում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Մոդին, որպեսզի Ռուսաստանն ընդունի «էներգետիկ հրադադարի» առաջարկությունը՝ շատ բարդ է նույնիսկ ենթադրել:
Մակրոնի Մումբայ և Նյու-Դելի եռօրյա այցի հիմնական արդյունքը՝ կողմերի միջև առանձնահատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության հրապարակայնացումը, շոշափելիորեն բարձրացնում է թե Ֆրանսիայի, թե Հնդկաստանի միջազգային վարկը: Դա կարող է «եղանակ փոխել» նաև Հայաստանի անվտանգային միջավայրում:
Հայաստանի հետ երկու երկրների հարաբերությունները բարեկամական-գործընկերային են, այդ թվում և՝ պաշտպանության ոլորտում։

Բաց մի թողեք
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական. Լուսանկար
Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են եվրոպացի դիվանագետների վրա՝ Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված տարածքներում բռնության աճի ֆոնին
Եվրախորհրդարանի անդամը նշում է, որ Թրամփը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԵՄ-ից ավելի արդյունավետ է գործում