ԱՄՆ-ը Իրանի շուրջ կենտրոնացրել է «հարվածային բռունցք», որ աննախադեպ է և հիշեցնում է 2003թ. Իրաք ներխուժման նախօրեի ռազմական պատրաստությունը: Այս գնահատականը տվել է Turkiye իշխանամետ պարբերականը:
Թուրքական լրատվամիջոցն, ընդսմին, մեջբերել է ամերիկյան երկու սենատորի: Թեդ Կրուզի կարծիքով, Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններով փորձում է ժամանակ շահել, որպեսզի այաթոլլա Խամենեին «կարողանա համախմբել իր խարխլված վարչակազմը»:
Նա գտնում է, որ Վաշինգտոնը կարող է «առավելագույն հանդուրժողականություն դրսևորել և չխոչընդոտել, որպեսզի Խամենեին հանձնի իշխանությունը և հեռանա Ռուսաստան կամ մեկ այլ երկիր»:
Սենատոր Լենդսի Գրեմը, ով հանրապետական է և ունի նախագահ Թրամփի մերձավոր անձի համարում, արտահայտվել է ավելի կոշտ: Նրա խոսքերով, նավատորմը, որ գտնվում է տարածաշրջանում, այնտեղ չի եկել, «քանի որ տարվա լավ եղանակ» է: Գրեմի գնահատմամբ, ԱՄՆ-ին, հավանաբար, «ռազմական գործողություններ են պետք»:
Նա վկայել է, որ «ծրագրվում են ԱՄՆ-Իսրայել համատեղ ջանքեր, որպեսզի թուլացվի իր ժողովրդին վնաս պատճառելու իրանական ղեկավարության կարողությունը»: Ամերիկյան սենատորը հավելել է, որ «ռազմական նախապատրաստությունն ընթանում է, բեկումնային պահը վրա կհասնի մեկ շաբաթից»:
Գրեմն ամփոփել է, որ «Իրանը վերստին հզոր կլինի, երբ ժողովուրդն իշխանությունը կվերցնի իր ձեռքը»:
Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Իրանի դեմ ուժի կիրառման վերջնական որոշում չի կայացրել, բայց պաուզան պայմանավորված է նրանով, թե առաջիկա մեկ-երկու շաբաթներին Թեհրանում ներքաղաքական ճգնաժամ կհասունանա՞, թե՞ ոչ:
Խնդիրն, այսպիսով, ոչ միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագիրն է, այլ՝ կրոնապետության փլուզումը և աշխարհիկ իշխանության ձևավորումը:
Այս իմաստով այնքան էլ կարևոր չէ՝ Իրանի ժողովրդի մեծամասնությունը «մոլլապետությա՞ն», թե՞ «ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով» ձևավորված իշխանության կողմնակից է:
Դրված է Իրանի պետական-քաղաքական գործող համակարգի փոխակերպման նպատակ, որին հասնելու համար ԱՄՆ-ը փորձում է Թեհրանում ներվերնախավային հակասություններ «սադրել» կամ առնվազն նպաստել, որպեսզի «մոլլաների» և «ռեֆորմատորների» տարաձայնությունները հասնեն հանրային «տեկտոնական ճեղքման»:
Ինչի՞ դա կհանգեցնի, այս հարցին, երևում է, Վաշինգտոնում հստակ կամ գոնե կանխատեսված պատասխան առայժմ չկա: Տրամաբանական է թվում, որ ԱՄՆ-ը շարունակելու և առարկայորեն մեծացնելու է Իրանի հոգևոր առաջնորդի դեմ հոգեբանական գրոհը:
Թեև բացառված չէ, որ այաթոլլա Խամենեիին ինքը «կազուս բելի» ստեղծի՝ ԻՀՊԿ-ին հրահանգելով «արգելափակել Հորմուզի նեղուցը»:
Պատերազմը, որքան էլ պարադոքսալ չհնչի, իրավիճակից նրա համար «պատվավոր ելքի հնարավորություն» է, գաղափարական վարչախմբերը սովորաբար իրենց արժանապատվությունը ժողովրդի ճակատագրից բարձր են գնահատում:

Բաց մի թողեք
Ռուսաստանն անոնսավորում է երկարատև պատերազմ
Հաջիևը բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել
Ռազմաճակատում «արմատական և վճռորոշ բեկում մտցնելու համար Ռուսաստանը պետք է առնվազն կես միլիոն մարդ զորակոչի»