24/03/2026

EU – Armenia

Ուղիղ եթերում խոսելու հարցը դեռ հստակ չէ անգամ կալանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի համար

Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցում հայտարարեց, որ պրոբացիայի ծառայությունը կարծում է, թե Կարապետյանը (որը գտնվում է տնային կալանքի տակ) կարող է խոսել ուղիղ եթերում։ Թե որքանով է դա համապատասխանում տնային կալանքի պայմաններին, պարզ չէ։

Այնուամենայնիվ, Փաշինյանը Կարապետյանին առաջարկեց ուղիղ եթերում շարադրել իր դիրքորոշումը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ երկրի առաջին դեմքը իրավապահների փոխարեն «թույլ» է տալիս Կարապետյանին՝ տեսաուղերձով հանդես գալ, իսկ քիչ անց պարզվում է, որ իրավապահները դա թույլ չեն տալիս։

Երեկվա հայտարարությունից հետո կրկին հարց առաջացավ՝ բարերար Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գալու իրավունք հիմա ունի՞ թե՞ ոչ, վերջինիս պաշտպան Արամ Վարդեւանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մեջբերեց դատարանի որոշումը․ «Այն գտնվում է վարույթի հանրային մասնակցի տիրույթում, որը քննիչն է, եւ պաշտպանության կողմը այդ հարցերը պետք է համաձայնեցնի վարույթի հանրայի մասնակցի հետ։ 2026 թվականի մարտի 18-ի վարույթի հանրային մասնակցին ներկայացրել եմ համաձայնեցման, թույլատրելիության վերաբերյալ միջնորդություն, որպեսզի վերջինս թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, սպասում եմ պատասխանին։ Դատական ակտից էր մեջբերումս, որից ակնհայտ է, որ քննիչը պետք է թույլ տա, դա նույն դիրքորոշումն է, որի մասին խոսում էին հունվարի վերջից։ Մի հետաքրքիր բան էլ պատմեմ․ դատական նիստի ընթացքում առաջարկել էի ընդմիջել եւ Ֆեյսբուքով ուղիղ եթեր մտնեինք՝ ոչ քննիչը, ոչ դատարանը թույլտվություն չտվեցին դրա վերաբերյալ՝ անտեսելով գործադիր իշխանության ներկայացուցչի հրապարակավ ներկայացված դիրքորոշումը։ Ի դեպ, պատճառաբանում են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կա հաղորդակցման, տեսակցությունների սահմանափակում»։

Վարդեւանյանն ասում է՝ բազմիցս դիմել է Պրոբացիայի ծառայությանը այդ հարցով՝ մերժել են, չեն ասել՝ նման թույլտվություն առկա է․ «Դատական ակտում մի հետաքրքիր բան էլ կա, որ անդրադառնալով Սամվել Կարապետյանի պաշտպանի կողմից ներկայացված «Ֆեյսբուք» հավելվածով ուղիղ եթերի ձեւաչափով տեսաուղերձներ հղելու եղանակով քարոզչություն իրականացնելու հարցին, դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ կանխատեսել՝ նշվածն արդյոք իրավաչափության պայմանների խախտող վարքագիծ հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ դրա գնահատող հանդիսանում է վարույթի հանրային մասնակիցը, ու այդ իսկ պատճառով է, որ մենք պետք է դիմենք վարույթի հանրային մասնակցին։ Պայմանականորեն հիմք ենք ընդունում գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարությունը եւ «Ֆեյսբուքի» ուղիղ եթեր ձեւաչափով հրապարակում ենք կատարում, հավանականությունը եկեք գնահատեք նրա, որ դրանից հետո Քննչականը ներկայացնում է միջնորդություն՝ խափանման միջոցի փոփոխության, որի մասին խոսել է դատարանն՝ ասելով, որ եթե այդ համաձայնությունը չի լինում, հենց այդ հետեւանքը կարող է վրա հասնի։ Եվ այդ ժամանակ՝ մյուս ճեպազրույցին, երբ տնային կալանքը վերացված կլինի, կալանքը կիրառված կլինի, կհայտնի, որ ինքն իրավաբան չի, եւ թող իրավաբանները գնահատական տան, ինքը քաղաքական գնահատական է տալիս»։

Դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարությանը, որի ենթակայությամբ էլ գործում է Պրոբացիայի ծառայությունը։ Հարցրեցինք՝ պրոբացիան թույլտվություն տվե՞լ է, որ Ս․Կարապետյանը տեսաուղերձով հանդես գա, մեզ ասացին՝ ավելի ուշ կպատասխանեն։

Փաստորեն, այդ հարցը դեռ հստակ չէ անգամ կալանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի համար, իսկ ՀՀ վարչապետն արդեն նրանց անունից հայտարարություններ է արել։