14/05/2026

EU – Armenia

Ինչի՞ համար է նախընտրական քարոզարշավը, ի՞նչ է մտածել մարդկությունը

Ինչի՞ համար է նախընտրական քարոզարշավը, ի՞նչ է մտածել մարդկությունը` ընտրություններից առաջ քարոզարշավ անելու գաղափարը ներդնելիս:

Հրապարակ թերթը գրել է․ Իմաստն այն է, որ թեկնածուներն ընտրողների հետ առավել ինտենսիվ շփվելու հնարավորություն ունենան, եւ այդ շփումները որոշակիորեն կանոնակարգված լինեն` բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելով:

Որպեսզի թեկնածուն կարողանա ներկայացնել իր ծրագիրն ու անձը, նկարագրի, թե ընտրվելուց հետո ինքն ինչ է պատրաստվում անել, եւ համոզի ընտրողին` իրեն ձայն տալ: Քարոզարշավի գաղափարը մեզանում հիմնովին վարկաբեկվել ու աղավաղվել է, եւ որոշ քաղաքական ուժեր կարծում են, թե այս մեկ ամիսը պետք է ծախսեն ոչ թե իրենց արժանիքները, այլ մրցակիցների թերությունները ներկայացնելու համար: Որ ոչ թե իրենց ծրագրերի ու անելիքների մասին պետք է խոսեն, այլ վիրավորեն ու վարկաբեկեն մյուսներին, որ նրանց իջած ռեյտինգի հաշվին իրենց ռեյտինգը բարձրանա:

Այս հնարքից հատկապես օգտվում է Նիկոլ Փաշինյանը, որն այս 8 տարում խոսելու, քարոզչություն անելու, իր արժանիքներն ու անձը հանրությանը ներկայացնելու ոչ մի արգելք չի ունեցել, բայց հատկապես օգտվել է մրցակիցների վրա ցեխ շպրտելու հնարավորությունից: Իր լսարանն օգտագործել է բոլորին մեղադրելու ու վարկաբեկելու համար` հույս ունենալով, որ այդ ֆոնին ինքն ավելի լավը կերեւա: Նրա բոլոր գրառումներն ու ելույթները հազարավոր էջերում տարածվել են: Նա անարգել ատելության խոսք ու թշնամանք է տարածել իր էջով ու բարձր ամբիոններից:

Ամենաանհեթեթ ու անթույլատրելի հայտարարություններն է արել, վիրավորել, հայհոյել տարբեր անձանց ու ինստիտուտներ: Պառակտել հանրությանը, նսեմացրել հայի արժեքներն ու անցած ուղին: Հիմա նույնպես դա է անում` արդեն քարոզարշավի շրջանակներում: