«Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը, որը զբաղվում է ծնողական հոգածությունից զրկված հաշմանդամ երեխաների խնամքով, լուծարվում է։ 2004 թվականից առայսօր այն գտնվում էր Իզմիրլյան հիմնադրամի հովանավորության ներքո:
Հրապարակ թերթը գրել է․ Այսօր, սակայն, երեխաների եւ այս կենտրոնի ճակատագիրն անորոշ է: Ըստ լուրերի՝ երեխաներն ազատելու են Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, Յաղուբյան փողոցում գտնվող շենքը։
Ասում են, որ այն գնել է հայտնի բժիշկ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը եւ շուտով այստեղ նոր հիվանդանոց է բացելու։ Այլ տեղեկություններով՝ շենքը դատարկվում է, քանի որ այստեղ վերանորոգում է սկսվում, տեղ էին փնտրում, որ երեխաներին տեղափոխեն, մինչեւ վերանորոգման աշխատանքների ավարտը։
Սա առնվազն տարօրինակ է, քանի որ շենքը վերանորոգվել էր 2020 թվականին՝ Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ, ավելի էր հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին։
«Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ հստակ պաշտոնական տեղեկությունների համար դիմեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի ենթակայությամբ այն գործում է։ Ի՞նչ է կատարվում Իզմիրլյան մանկատան հետ։ Նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը հայտնեց, որ չունի նման ինֆորմացիա, մանկատունն էլ չի փակվում:
Սակայն կա կառավարության որոշում՝ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն այլ հաստատության հետ միավորելու վերաբերյալ: Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը, որը հիմնադրվել է 2003 թվականին, այժմ միավորվում է «Երեւանի մանկան տուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ՝ Արմենակ Արմենակյանի 119 հասցեում գտնվող, որը հայտնի է որպես Նորքի մանկատուն։ Իսկ խնամքի երկու կենտրոնների միացման արդյունքում ստեղծվող նոր կենտրոնը նոր անուն ունի՝ «Երեխայի շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։
Գույքի ընդունում-հանձնումն իրականացնելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ «Բայց երեխաները, որոնք այդտեղ ապրում էին, մնալու են այնտեղ եւ հիմա էլ այնտեղ են։ Փոխվում է միայն վարչական մասը։ Միավորվող հաստատություններից յուրաքանչյուրն իր շենքում է գործունեություն ծավալում եւ ծավալելու»,- ասում է Կոստանյանը։ Որեւէ տեղեկություն շենքի վաճառքի մասին նրան հայտնի չէ։
Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, մեզ հետ զրույցում հերքեց մանկատան շենքը գնելու մասին տարածվող լուրերը: «Այդ ինֆորմացիան բացարձակապես սխալ է: Նման միտք կամ գաղափար անգամ չի եղել կամ խոսակցություն»,- ասաց նա:
Թե ինչու են փակում-միավորում Երեւանի երկու հնագույն մանկատները, անհասկանալի է։ Կառավարության որոշման հիմնավորումների մասում մի երկու ֆրազ գտանք․ «Նախագծով առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երկու ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում եւ միասնական կառավարման քաղաքականության իրականացում»։ Եվ ոչ մի բառ այն մասին, որ հնագույն այս հաստատություններն իրենց ավանդույթներն ունեին, պատմությունը, ի վերջո՝ հարյուրավոր երեխաների տունն ու օջախն էին, եւ միացում-անջատումները, անգամ եթե զուտ տնօրինմանն են վերաբերում եւ կազմակերպչական են, չեն կարող չանդրադառնալ դրանց վրա: Ո՞րն է փոփոխության իմաստը: Նախարարությունից մեր հարցին պատասխանում են, որ խնամքի հաստատությունների միավորմամբ ներդրվում է կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակում նախատեսվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատությունների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ «Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում եւ միասնական կառավարման քաղաքականության իրականացում։ Կազմակերպությունների միացման ձեւով վերակազմակերպման արդյունքում կձեւավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական եւ սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման եւ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը եւ կզարգացնի կառավարման արդյունավետությունը։ Վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռվի՝ միեւնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ, այդ թվում՝ մասնագիտացված եւ ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ եւ կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին եւ ընտանիքներին։ Փոփոխությունների նպատակն է՝ ապահովել վարչական կառավարման արդյունավետության բարձրացում, ֆինանսական ռեսուրսների օպտիմալ օգտագործում, կառավարման գործընթացների պարզեցում եւ հաշվետվողականության բարձրացում»։
Մեր մյուս հարցին, թե արդյոք արվե՞լ է որեւէ ուսումնասիրություն, որի հիման վրա նախարարությունը որոշել է, որ մանկատներ միավորելն արդյունավետ է, պատասխան չստացանք, ինչից եզրակացրինք, որ որեւէ նման ուսումնասիրություն չի արվել:
Իզմիրլյան մանկատունն ու Երեւանի մանկան տունը միավորվող միակ հաստատությունները չեն։ Մարտի 26-ի որոշմամբ՝ կառավարությունը «Զատիկ» մանկատունը միավորել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնին, Երեխաների եւ ընտանիքի աջակցության կենտրոնին, Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնը միացրել է «Գյումրու երեխաների տուն» կազմակերպության հետ:
Մանկատների տնօրենները չցանկացան խոսել՝ ասելով, որ իրենց պետք է սոցապնախարարության թույլտվությունը։ Տպավորություն ունենք, որ նրանք վախեցած են:

Բաց մի թողեք
Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»
Մակրոնի այցը Գյումրի սկանդալով է ուղեկցվել
Դատախազի գլխավոր որակը «ոչ» ասելու ունակությունը չէ