27/12/2024

Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նաեւ ՌԴ կործանել ձգտող Արեւմուտքի գործընկերն է

Իլհամ Ալիեւը կարեւորել է Ադրբեջանում բրիտանական BP ընկերության երեսնամյա գործունեությունը եւ հավաստիացրել, որ նա կշարունակի մնալ առնվազն եւս երեսուն տարի:

Կասպյան ավազանում էներգակիրների արդյունահանման եւ տարանցման պայմանագիրը ստորագրվել է ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարի հաստատումից չորս ամիս անց: Սեպտեմբերին լրանում է այդ պայմանագրի գործողության ժամկետը: Կձեւավորվի՞ նոր կոնսորցիում, թե՞ առկա պայմանավորվածությունների ժամկետը կերկարաձգվի՝ դեռեւս ոչինչ հաստակ չէ:

Բայց Իլհամ Ալիեւը պարզ հայտարարել է, որ BP-ն Ադրբեջանից չի հեռանա: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը մեկ շաբաթ առաջ խոսել է Կենտրոնական Ասիայում հաստատվելու Լոնդոնի մտադրվածության եւ հետխորհրդային տարածքում դրանից բխող ռիսկերի մասին: Պետդումայի փոխխոսնակ Տոլստոյի Ղազախստանին մեղադրել է երկրի ընդերքը բրիտանացիներին վաճառելու մեջ: Առանց Ադրբեջանի համաձայնության ոչ Եվրամիությունը, ոչ Մեծ Բրիտանիան չեն կարող «նվաճել» Կենտրոնական Ասիան: Աշխարհագրությունն է այդպիսին:

Ռուս-ադրբեջանական հարաբերություննը գնահատվում են «փոխշահավետ, ռազմավարական գործընկերային եւ դաշնակցային»: Երկու տարի առաջ Մոսկվայում ստորագրված Հռչակագրով կողմերը պարտավորված են փոխադարձաբար համաձայնեցնել մասնավորապես էներգետիկ ծրագրերը: Ալիեւն անոնսավորում է Ադրբեջանում BP եւս երեսնամյա ներկայություն, իսկ բրիտանական ընկերությունը հիմնականում զբաղվում է նավթի եւ գազի արդյունահանմամբ եւ տարանցմամբ:

BP-ն սեւեռված է թուրքմենական գազի «համաշխարհային գանձարանի» վրա, այսինքն նրա գործունեությունն ընդգրկելու է Կասպյան ողջ էներգետիկ շրջանը, որտեղ, ենթադրվում է, ներգրավվելու է նաեւ Ղազախստանը: Ներկա իրավիճակից եւ Ռուսաստանի՝ որպես էներգակիրներով հարուս երկրի հնարավորություններից դատելով՝ Կասպյան նավթը եւ գազը տարանցվելու է դարձյալ արեւմտյան շուկաներ: Ըստ էության, Ադրբեջանը նպաստելու է, որ Ռուսաստանի նավթագազային շուկաները սահմանափակվեն:

Եթե Արեւմուտքը Ռուսաստանի կործանման ծրագիր ունի՝ ինչպես Մոսկվան է պնդում, ապա ազդեցության երկրորդ գործուն լծակը տնտեսականն է: Ստացվում է պարադոքս՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նաեւ Ռուսաստանը կործանել ձգտող Արեւմուտքի գործընկերն է: Այդպես չի լինում առհասարակ, Ռուսաստանի դեպքում՝ հատկապես: Եւ, ամենայն հավանականությամբ, իրատեսական չէ գնահատականը, թե ուկրաինական պատերազմն է ստիպում, որ Մոսկվան Բաքվի նկատմամբ լոյալություն ցուցաբերի:

Ադրբեջանի պարագայում, կարծես, գործ ունենք ռուս-բրիտանական ինչ-որ համաձայնությունների հետ, եւ Բաքվի դերն այստեղ այն է, որպեսզի կարողանա պահպանել կոնֆիդենցիալությունը: Աշխարհաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի դա՝ մնում է ենթադրել: Բացառված չէ, որ Կենտրոնական Ասիա-Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանում Մեծ Բրիտանիան Եվրամիության մրցակից է կամ՝ ԵՄ անդամ որեւէ ազդեցիկ երկրի: Եւ դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, թերեւս՝ առաջին հերթին Ռուսաստանին:

Եթե Իրանի նախագահական ընտրություններից հետո Թեհրանը եւ Վաշինգտոնը բացահայտեն մինչ այժմ գաղտնի ընթացող բանակցությունները, ապա, հավանաբար, Մեծ Բրիտանիան կհայտարարի աշխարհաքաղաքական վերադարձի մասին, եւ դա կլինի Չինաստանի ազդեցությունը զսպելու քայլ: Ըստ երեւույթին, այդ «խաղի» մասնակից է դիտվում նաեւ Թուրքիան: Հայաստանի համար դա մարտահրավերային է, քանի որ Եվրամիությունը հազիվ թե հակակշիռ ստեղծելու հնարավորություն կունենա: Բրյուսելում, ըստ տրամաբանության, կգերադասեն պայմանավորվել Լոնդոնի հետ: