23/05/2026

EU – Armenia

Հայաստանում գեներացնել «Պուտինի ուղին TRIPP-ի այլընտրանքն» է խոսույթ

Ռուսաստանցի փորձագետ Գասումյանովը նոր տրանսպորտային միջանցք է առաջարկել, որ պետք է սկսվի Ռուսաստանից, անցնի օկուպացված Աբխազիայով, այնուհետեւ Վրաստանի տարածքով հասնի Հայաստան։

«Պուտինի ուղի» անվանումով նախագիծը ներկայացվել է որպես TRIPP-ի այլընտրանք։ Այդ մասին հայտնել է Turan Union-ը։

Իրականում Վլադիսլավ Գասումյանը ոչ թե «փորձագետ», այլ Ռուսաստանի Դաշնության Կոմունիկացիաների զարգացման ազգային ինստիտուտի տնօրենն է։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա ծնվել է Բաքվում, 1959թ․։

Միջնակարգ կրթություն է ստացել Բաքվի ռուսական դպրոցներից մեկում։ Ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը։

Գասումյանովը քսաներեք տարեկանում՝ 1982թ․-ից, ծառայության է անցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի համակարգում։ 1985թ․ ավարտել է Մոսկվայի ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը։ 1980-ականների երկրորդ կեսին ծառայության է նշանակվել Ադր․ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԼՂԻՄ վարչությունում, կարճ ժամանակ պաշտոնավարել որպես վարչության պետ, ապա տեղափոխվել է Մոսկվա։

Ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության կազմավորման հետ կապված՝ նա ԱԴԾ-ից տեղափոխվել է նորաստեղծ հատուկ ծառայություն, որտեղ գլխավորել է տեղեկատվական վերլուծությունների կենտրոնը և հասել գեներալ-մայորի կոչման եւ ներկայումս էլ հանդիսանում է ԱՀԾ «բարձրաստիճան աշխատակից»։

Ուշագրավ է, որ Հայաստանի շրջափակումը հաղթահարելու համար «աբխազական երկաթուղին վերականգնելու հնարավորության» մասին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ խոսել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այդ առթիվ վրացական ընդդիմության բուռն բողոքներին արձագանքելով՝ Վրաստանի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և հավաստիացրել, որ պաշտոնական Թբիլիսին «նման հարց չի քննարկում և երբևէ չի քննարկել»։

Հայաստանի ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանին քննադատում են երկիրը «աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ դարձնելու» համար։ Այն, ինչ Գասումյանովի անունից շրջանառության մեջ է դրվել Մոսկվայի կողմից, ոչ միայն Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական սրացում, այլեւ հայ-վրացական հարաբերություններում լրջագույն լարվածություն սադրելու ակնհայտ նախագծում է։

Բոլոր նախանշանները կան, որպեսզի արձանագրվի, որ ռուս-վրացական «մեղրամիսը ավարտվում» է։ Ռուսաստանը Վրաստանին պարզորոշ հարկադրում է ճանաչել Աբխազիայի անկախությունը, իսկ Հարավային Օսեթիան մոտ ապագայում «կմիավորվի» Ալանիա-Հյուսիսային Օսեթիայի, այսինքն՝ Ռուսաստանի, հետ։

Վրաստանի համար չափազանց բարդ իրավիճակում Հայաստանում գեներացնել «Պուտինի ուղին TRIPP-ի այլընտրանքն» է խոսույթ,- իսկ որ Գասումյանովը նման նպատակ է հետապնդել, կասկածել պետք չէ,- նշանակում է առնվազն վրաց-հայկական տարաձայնություններ սադրել։ Դա միայն ձեռնտու է Ադրբեջանին։