25/05/2026

EU – Armenia

Ընդդիմությունը համարում է, որ այն «ուժեղ և արժանապատիվ» չէ և «պետք է ունենա երաշխավոր»

Մենք վերցնելու ենք իշխանությունը, ես ինձ չեմ տեսնում ընդդիմության առաջնորդի կարգավիճակում,- ասել է Սամվել Կարապետյանը։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ «հազարներով դուրս են գալու փողոց»։

Ընտրություններով «իշխանություն չեն վերցնում», իսկ հաղթած ուժը «հազարներով փողոց» դուրս չի գալիս։ Որքան էլ սոցհարցումների արդյունքները «կասկածելի» լինեն, վերջին օրերի տվյալները աներկբայորեն վկայում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Գյումրի 2» իրականացնելու «չեն ձգում»։

Այսինքն, գրեթե բացառված է, որ այդ երեք ուժերը, առանձին-առանձին մտնելով խորհրդարան՝ այնտեղ կոալիցիոն մեծամասնություն կազմեն և ընտրեն վարչապետ ու ձևավորեն կառավարություն։

«Իշխանություն վերցնելու» միակ ձև, այսպիսով, մնում է «հազարներով փողոց դուրս գալը»։ Նախընտրական մի հանդիպում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սկսել է Գառնիից, հիշել 1921թ․ «փետրվարյան ապստամբության» գառնեցի մասնակիցներին և ասել, որ ինչպես այն ժամանակ է «Հայաստանը ազատագրվել», այնպես էլ պետք է այսօր լինի։

«Փետրվարյան ապստամբությունը» քաղաքական իմաստով «կանոնիկացվել» է, երբ ՀՅԴ-ն Հայաստանում կոալիցիոն իշխանության մաս է կազմել։ Խորհրդային շրջանում այն կոչվել է «դաշնակցական ավանտյուրա»։ Հայաստանի անկախության առաջին տարիներին այդ մասին ոչինչ չի ասվել։

Ֆորմալ ընդունված է, որ «ապստամբությունը սկսվել է բոլշևիկյան ռեժիմի վայրագությունների պատճառով»։ Հատկապես շեշտվում է, որ «դաշնակցական հարյուրավոր գործիչներ և մտավորականներ ձերբակալված էին, ենթարկվում էին կտտանքների կամ կացնահարվում», և «ապստամբները նրանց ազատություն են շնորհել»։

Փաստ է, որ Հայաստանում իշխանությունը «Փրկության կոմիտե»-ն էր, երբ Մոսկվայում կնքվել է «Բարեկամության և եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագիրը, որով Հայաստանից անջատվել է Նախիջևանը, Սյունիքը բաժանվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, Հայաստանի տարածքների հարցը լուծվել է նրա սուբյեկտությունը ոտնահարելու հաշվին։

Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված է «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիրը։ Ընդդիմությունը համարում է, որ այն «ուժեղ և արժանապատիվ» չէ և «պետք է ունենա երաշխավոր»։