26/05/2026

EU – Armenia

Ինքնակազմակերպում

Մի դրական բան եմ նկատել վերջերս` հանրային տարբեր գործիչներ իրենց վրա են վերցնում պետական կառույցների ֆունկցիաները եւ ավելի մեծ գործ են անում, քան այդ կառույցները:

Հրապարակ թերթը գրել է․ Թերեւս հենց դա է կոչվում քաղհասարակություն, որը միայն դիտորդ չէ, պահանջատեր չէ, այլեւ ակտիվ մասնակից է, հանրային վերահսկող, պետական կառույցներին աշխատեցնող ու փոխարինող:

Արթուր Չախոյանի մասին շատերը գիտեն` նա մենմենակ մի ողջ ինստիտուտի աշխատանք է կատարում, հետեւում է Երեւանի քաղաքապետարանի կառույցների աշխատանքին, հանրային գումարների ծախսմանը, մայրաքաղաքում կատարվող աշխատանքների որակին` ասֆալտ, նորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն:

Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը մենմենակ հսկում է կանաչապատման, ավելի ճիշտ` կանաչ տարածքը ոչնչացնելու գործողությունները: Մանրակրկիտ ներկայացնում է կտրված ու տնկվող ծառերի բնութագրերը, ահազանգում է ամեն մետր հատված կանաչ տարածքի մասին:

Իհարկե, հաճախ այդ ահազանգերն ընդամենը կատարված բարբարոսության արձանագրումն են, բայց վստահ եմ, որ նաեւ ինչ-որ բան կանխվում է, եւ գոնե բարբարոսների անուններն ու կատարածն են ֆիքսվում:

Այս բանակի մեջ են նաեւ մեր լրագրողները, որոնք անշահախնդիր կերպով պայքարում են մեր հայրենիքի ամեն մետրի, ամեն քաղաքացու համար:

Վերջերս լրագրող Սյուզի Բադոյանը, օրինակ, մենմենակ եւ իր համառության շնորհիվ բացահայտեց մանկապղծության դեպք, որն իրավապահները փորձում էին կոծկել: Ոչ միայն բացահայտեց, այլեւ ստիպեց, որ մեղավորների դեմ քայլեր ձեռնարկվեն, նրանք պատժվեն:

Ինչքան պետական կառույցները մատնվում են անգործության, եւ պետությունն իր ֆունկցիաները հրաժարվում է պատշաճ կատարել, այնքան հաճախ են ի հայտ գալու մարդիկ, որոնք ստանձնելու են այդ ֆունկցիաները:

Ինքնակազմակերպում