Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն ամեն օր շրջում է Հրազդանի տարբեր թաղամասերով, ՔՊ-ի համար ձայն է խնդրում:
Հրապարակ թերթը գրել է․ Իր պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքները՝ ասֆալտն ու բորդյուրն է փիառում, որ հրազդանցին ընտրի Արցախը հանձնած, 3 պատերազմ բերած, այժմ էլ՝ խաղաղության կեղծ թեզը շրջանառող Նիկոլ Փաշինյանին:
Հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը խոսում է Փաշինյանի բերած խաղաղության մասին եւ խնդրում է, որ ձայն տան համար 16-ին, իսկ ընդդիմադիրներին անվանում է նախկին իշխանության կցորդներ, կարծես իր հայրը նախկինների ժամանակ չի իր հարստությունը կուտակել. «Ընդդիմադիրները նախկին իշխանության կցորդներն են, փորձում են վերակենդանանալ: Քննադատում են մեզ, որ մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, ճանապարհներ ենք կառուցում՝ քննադատում են, բանակը ժամանակակից զինտեխնիկայով ապահովված է՝ քննադատում են, ու խոստումներ են տալիս: Իրենց գերնպատակն է Հայաստանը դարձնել՝ գուբերնիա ու խոսում են հայրենասիրությունից: Այսօր բանակը նոր զինտեխնիկայով է համալրվում, մեր զինվորները դիրքերում ավելի անվտանգ են»,- ասում է նա:
Գրեթե բոլոր բակային հանդիպումների ժամանակ էլ նույն տեքստն է կրկնում: Քաղաքապետի ցանկացած ելույթի տեսանյութի տակ, կապ չունի, թե ինչ կասի, բնականաբար, համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ -ների աշխատակիցները սրտիկներ են դնում և լայքում, այլապես գործից կազատեն:
Իհարկե, այս իրավիճակը ոչ միայն Հրազդանում է, այլ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում: Քաղաքապետի ելույթի տակ սրտիկ դնողների ու լայքողների 90 %-ին ճանաչում եմ և ըմբռնումով եմ մոտենում, քանի որ ինքս Հրազդան քաղաքից եմ:
2 պարզ հարց էի ուղղել քաղաքապետ Սևակ Միքայելյանին, և ակնկալում էի, որ հարցերիս կպատասխանի: Քանի որ հարցերս մնացին անպատասխան՝ որոշեցի հրապարակել դրանք:
Պարոն Միքայելյան մի 5 րոպե դադարեք լինել ՔՊ-ական, սթափ մտքով կարդացեք հարցերը: Դուք ասում եք. Հրազդանցիներ ջան, մենք խաղաղություն ենք բերել, տեր կանգնեք այդ խաղաղությանը: Հայ ժողովուրդը ո՞ր խաղաղությանը տեր կանգնի՝ օդում կախված խաղաղությանը՝ որը ՔՊ- ի վերընտրվելուց հետո կպայթի կա՛մ պատերազմով, կա՛մ 300,000 ադրբեջանցիների` Հայաստան ժամանելով, իսկ ամենավատագույնը՝ Հայաստանը կդառնա Թուրքիայի վիլայեթ, թե՞ այն խաղաղությանը, որը առաջին հերթին ենթադրում էր Բաքվի բանտերից մեր գերիների ազատ արձակում և Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Անձամբ Դուք երաշխավորո՞ւմ եք, որ հրազդանցին ընտրի ՔՊ-ին, կունենա հարատև խաղաղություն:
Եվ քանի որ քաղաքապետը խոսում էր բանակից եւ անվտանգությունից, հարց` արդյո՞ք անվտանգ են Հայաստանի սահմաները, կարո՞ղ եք հստակ կանգնել և ասել. Սիրելի հրազդանցիների, մեր սահմանները շատ անվտանգ են, հանգիստ եղեք, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեր սահմանը հատել: Իսկ հազարավոր ադրբեջանցիների` Հայաստանում վերաբնակեցումից հետո Դուք, և Ձեզ լայքեր ու սրտիկներ դնողները հանգի՞ստ քնելու են:


Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են