02/06/2026

EU – Armenia

Սկանդալային դեպք. այսօր արտաշիրիմում են արել Վարդենիսում

Մեր տեղեկություններով՝ այսօր դատարանի որոշմամբ արտաշիրիմում է իրականացվել Վարդենիսում։ Արտաշիրիմվել է մոտ 17 տարի առաջ մահացած Տիգրան Մկրտչյանի մարմինը։

Հրապարակ թերթը գրել է․ Մենք փորձեցինք գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից և բաց աղբյուրներից, սակայն այս պահին որևէ տեղեկատվություն կամ դատական ակտ չհաջողվեց հայտնաբերել։

Վարդենիսի բնակիչները մեզ հետ զրույցում հաստատեցին արտաշիրմման փաստը՝ նշելով, որ Տիգրան Մկրտչյանը տարիներ առաջ ինքնասպանություն է գործել։ Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ընտանիքի անդամների աչքի առաջ, ներկայում իրականացվող քննչական գործողությունների պատճառների կամ մանրամասների մասին իրենք տեղեկացված չեն:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այս դեպքը փորձում են կապել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ իբր նա է Տիգրանին հասցրել ինքնասպանության, թեեւ Ծառուկյանի՝ այս գործի հետ կապ ունենալու վարկած նախկինում չի դիտարկվել։

Սա թերեւս արվում է Փաշինյանի՝ վերջին շրջանի սպառնալիքների ֆոնին, երբ վերջինս ընդդիմադիր լինդերներին, այդ թվում՝ Ծառուկյանին սպառնում էր երկար տարիներ բանտ նստեցնել։

Սակայն պարզ չէ, թե ինքնասպանության հասցնելու վարկածն ինչպես կարող է ապացուցվել 17 տարի առաջ հուղարկավորված անձի մարմնի փորձաքննությամբ: