Բժշկությունը միայն գիտություն չէ, այն առաջին հերթին մարդասիրություն է։ Ցավոք, երբեմն հանդիպում են իրավիճակներ, երբ հիվանդը բժշկական հաստատությունից հեռանում է ոչ թե բուժված կամ հուսադրված, այլ՝ անտեսված ու հիասթափված։
Իմ այցելությունը «Լավանդա» ակնաբուժական կենտրոն նման զգացողություն թողեց։ Ստեղծվեց տպավորություն, որ առաջնայինը ոչ թե հիվանդի անհատական խնդիրն ու հոգեբանական վիճակն էին, այլ գործընթացների արագ ավարտը։ Հիվանդի հարցերին լիարժեք պատասխաններ չտրամադրվեցին, չզգացվեց բավարար ուշադրություն կամ կարեկցանք, իսկ շփման ոճը դժվար էր անվանել մարդակենտրոն։
Բուժաշխատողի մասնագիտական գիտելիքները կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր են հարգալից վերաբերմունքը, համբերատարությունը և հիվանդին լսելու պատրաստակամությունը։ Հենց այդ արժեքների պակասն է, որ կարող է նույնիսկ բարձր մասնագիտական ծառայությունը դարձնել հոգեբանորեն ծանր փորձառություն։
Երբ մարդը մտնում է բժշկական կենտրոն, հատկապես այն պահին, երբ կանգնած է առողջական լուրջ խնդրի առջև, նա առաջին հերթին հույս է փնտրում։ Երբեմն նույնիսկ մեկ բժիշկի հինգ րոպեն կարող է փոխել հիվանդի հոգեվիճակն ու հետագա քայլերը։
Երեկ ՄՌՏ-ի պատասխանը, արդեն նշանակված դեղորայքի ցանկը ձեռքիս այցելեցի «Լավանդա» ակնաբուժական կենտրոն։ Խնդրանքս շատ համեստ էր. եթե հնարավոր է, ընդամենը մի քանի րոպե խոսել որևէ ակնաբույժի կամ աչքի խնդիրներով զբաղվող մասնագետի հետ, որպեսզի հասկանամ՝ աջ աչքիս տեսողական նյարդի վնասման և առաջացած շլության դեպքում շարունակե՞մ միայն նյարդաբանի նշանակած բուժումը, թե անհրաժեշտ է նաև ակնաբույժի կամ նյարդաակնաբույժի գնահատականը, աչքի հատակի և աչքի վիճակի զննումը։
Կենտրոնում գրեթե մարդ չկար։ Այնուամենայնիվ ինձ պատասխանեցին, որ ազատ մասնագետ չկա, և որևէ բժիշկ նույնիսկ մի քանի րոպե չի կարող ինձ ընդունել կամ ուղղորդել։
Ինձ համար սա ոչ թե կազմակերպչական, այլ մարդասիրական խնդիր էր։ Բժշկությունը սկսվում է ոչ թե ժամանակացույցից, այլ մարդուց։ Երբ հիվանդը ակնհայտ անհանգստության մեջ է, երբ խնդրում է ոչ թե արտոնություն, այլ մասնագիտական ուղղորդում, երբեմն բավական է ընդամենը մի քանի րոպե, որպեսզի նա չհեռանա նույնքան անորոշ, որքան եկել էր։
Ես չեմ վիճարկում բժշկական կենտրոնի աշխատանքային կանոնները։ Բայց կարծում եմ, որ առողջապահության ոլորտում պետք է միշտ տեղ մնա մարդկային վերաբերմունքի, կարեկցանքի և ճկունության համար։ Երբեմն հենց այդ մի քանի րոպեն կարող է հիվանդի համար ունենալ նույնքան մեծ արժեք, որքան նշանակված բուժումը։
Ես չեմ պահանջել անհերթ ընդունելություն, անվճար հետազոտություն կամ երկար խորհրդատվություն։ Ես խնդրել եմ ընդամենը մեկ րոպե։, որի ընթացքում որևէ ակնաբույժ կամ նյարդաակնաբույժ կարող էր լսել իմ գանգատները և ասել. «Այո, սա միայն նյարդաբանի խնդիրն է», կամ՝ «Ոչ, անհրաժեշտ է նաև ակնաբուժական հետազոտություն, եկեք գրանցենք ձեզ»։
Աջ աչքիս տեսողական նյարդը վնասվել է։ Երկտեսությունը դեռ պահպանվում է, իսկ երբ ձախ աչքս փակում եմ և նայում միայն աջով, շրջապատը կարծես լողում է, կորցնում եմ հավասարակշռությունս, նույնիսկ ուղիղ քայլելն է դժվարանում։ Այս վիճակում մարդը ոչ միայն բուժման, այլև վստահության կարիք ունի։
Հենց այդ պատճառով ինձ համար ամենացավալին մերժումը չէր, կամ՝ միայն երկու օր անց այցելության գրանցումը, այլ այն զգացողությունը, որ ոչ ոք նույնիսկ մեկ րոպե չփորձեց հասկանալ, թե ինչ վիճակում եմ։ Բժշկության մեջ կանոնակարգերը կարևոր են, բայց կան իրավիճակներ, երբ մարդասիրությունը պետք է մեկ քայլ առաջ լինի։ Երբեմն հիվանդին լսելու մեկ րոպեն ավելի մեծ արժեք ունի, քան ամենաժամանակակից սարքավորումը։
Ես չեմ ցանկանում մեղադրել որևէ բժշկի։ Ես պարզապես ուզում եմ, որ բժշկական կենտրոններում երբեք չկորչի այն ամենակարևոր արժեքը, որի վրա կառուցված է բժշկությունը՝ մարդը։
Հուսով եմ, որ ապագայում նման իրավիճակներում բուժհաստատությունները կկարողանան ոչ միայն պահպանել իրենց ներքին կարգերը, այլև հիշել, որ յուրաքանչյուր դռան հետևում սպասող մարդն առաջին հերթին հիվանդ է, ոչ թե հերթի հերթական համարը։
Այս գրառման նպատակը որևէ մեկին վիրավորելը չէ, այլ հիշեցնելը, որ բժշկական օգնությունը սկսվում է ոչ թե սարքավորումներից, այլ մարդուց։ Յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է ձգտի, որպեսզի հիվանդը զգա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային աջակցություն։

Բաց մի թողեք
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է. Լուսանկար
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է մաhացած 14-ամյա աղջնակ. Լուսանկար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ