19/01/2026

TRIPP-ը Միացյալ Նահանգների համար կարեւորություն ունի՞, թե զուտ Դոնալդ Թրամփի «ստեղծագործությո՞ւնն է

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի ստորագրած «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ մամուլում և սոցիալական հարթակներում քննադատության, թերահավատության, կասկածամտության, նույնիսկ՝ հեգնանքի և ծաղրի պակաս չկա:

Այս բազմաձայնության մեջ դիտարկվում է տեսակետ, որ TRIPP-ի իրականացումը «կպահանջի մեծ ժամանակ, իսկ այդ ընթացքում Թրամփի հետաքրքրությունը կարող է թուլանալ, Ալիևի ախորժակը՝ բացվել»:

Համեմատության համար ասենք, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման, Կասպյան ավազանից էներգակիրների արտահանման ք համաձայնությունը կայացել է 1994թ.-ին, երբ ԱՄՆ նախագահը Քլինթոնն էր, կառուցումն սկսվել է 2003-ին՝ կրտսեր Բուշի նախագահության շրջանում և ավարտվել 2006-ին:

Քլինթոնը՝ դեմոկրատական, կրտսեր Բուշը հանրապետական նախագահ էր, բայց Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունը Բաքու-Ջեյհանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը չի թուլացրել:

Այս առումով պետք է, երևի, գնահատել՝ TRIPP-ը Միացյալ Նահանգների համար նույն կամ գոնե համադրելի կարեւորություն ունի՞, թե զուտ Դոնալդ Թրամփի «ստեղծագործությո՞ւնն է»:

Երկրորդ տարածված տեսակետն այն է, որ «դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, փաթեթավորումն է փոխվել, և Ալիևն ուզածն ստացել է»:

Հունվարի 14-ից հետո Ադրբեջանի արտաքին գործերի երկու նախկին նախարարները՝ Զուլֆուգարովը և Մամեդյարովը, տեղական մամուլին ասել են, որ երկաթգծի Մեղրիի հատվածը խորհրդային շրջանում կառավարվել է Ադրբեջանի կողմից, ուստի այն գործարկելու հարցում Բաքուն «իրավունքներ ունի»:

Ռուբիո-Միրզոյան «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ էլ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեն հույս է հայտնել, որ Հայաստանը «կկատարի ստանձնած պարտավորությունները»:

Ըստ այդմ, պետք է ընդունել, որ Ալիևը ոչ թե «ուզածն ստացել է», այլ շարունակում է ձգտել «ուզածն ստանալուն»: Եվ խիստ արտառոց է, որ քաղաքական ուժերը, փորձագետները, մամուլը, սոցիալական հարթակների ակտիվ օգտատերերը չեն փորձում պարզել, թե Հայաստանի «ստանձնած պարտավորություններ» ասելիս Ադրբեջանի ԱԳՆ-ն ի՞նչ նկատի ունի, եթե անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված քաղաքական Հռչակագիրը հստակ սահմանում է, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա:

Ռուբիո-Միրզոյան «հայտարարության» քննադատները նաև ընդգծում են, որ «փաստաթուղթը իրավական պարտադիր ուժ չունի»: Սա ընդամենը փաստի արձանագրում է, այդ մասին պարզ ասված է «մտադրությունների մասին արձանագրության» նախաբանում:

Այսինքն, գործ ունենք ոչ թե «համապարփակ պայմանագրի», այլ՝ կողմերի քաղաքական համաձայնության հետ, որ կարող է ամրագրվել իրավական ուժ ունեցող, վավերացման ենթակա մեկ կամ մի քանի փաստաթղթով:

Երբ տարեսզբին Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում «ուղերձ է հղել», որ Ադրբեջանը 2026թ.-ին կավարտի «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի կառուցումը՝ ակնարկելով, որ «Հայաստանն ուշացնում է TRIPP-ի գործարկումը», վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հասկացրել է, որ առաջին հերթին պետք է սահմանազատում իրականացվի:

Ավելի վաղ «Թրամփի երթուղու» ենթադրյալ հատվածներում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները դիտարկումներ են անցկացրել՝ հատելով սահմանը: TRIPP-ը, հարկավ, Հայաստանի «համադարմանը» չէ, շատ հարցեր պատասխան դեռևս չունեն: Բայց ո՞րն է այլընտրանքը: